ԱԺ փոխնախագահը խոսել է սահմանադրական բարեփոխումներին քաղաքական ուժերի ճնշող մեծամասնության կողմ լինելու մասին
PoliticsՀայաստանի քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունն այս պահին կողմ են արտահայտվում սահմանադրական բարեփոխումներին և Հանրապետության Նախագահի հետ հանդիպումներից հետո նրանք ունեն հավասարակշռված դիրքորոշում:
Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Սահմանադրական բարեփոխումների շուրջ այն քաղաքական կոնսոլիդացիան, որի մասին Հանրապետության Նախագահը խոսում էր, արդեն գոյություն ունի, որովհետև գոնե Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի մեծամասնությունը մտել է քաղաքական քննարկումների փուլ»,- ընդգծեց Շարմազանովը:
Հարցին` հնարավո՞ր է, որ «Ոչ»-ի շարժման անդամները տապալեն սահմանադրական բարեփոխումների գործընթացը, Շարմազանովը պատասխանեց, որ ամեն ինչ որոշելու է ՀՀ քաղաքացին: «Ինչպես կքվեարկի Հայաստանի քաղաքացին, այնպես էլ կլինի: Տեղի կունենա հանրաքվե և մեր ժողովուրդը կորոշի, թե ինչ կլինի»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:
Դիտարկմանը, թե «Ոչ»-ի շարժումը մեծ ներուժ ունի, Շարմազանովը չհամաձայնեց՝ ընդգծելով, որ չի տեսնում այդ ներուժը: Այդ շարժմանը «Հայ ազգային կոնգրես»-ի միանալու վերաբերյալ դիտարկմանը Շարմազանովը հակադարձեց հետևյալը. «Իսկ ՀԱԿ-ում քա՞նի հոգի են մնացել: Այդ քաղաքական ուժի մի մասը գոնե սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ չեն կիսում այդ քաղաքական ուժի կարծիքը, և դրա վառ վկայությունն է ՀԱԿ խմբակցության որոշ ներկայացուցիչների հանդիպումը Հանրապետության Նախագահի հետ»: