Ցիպրասը հավելյալ երկու մանդատ Է խնդրում խորհրդարանական ընտրություններում
International newsՀունաստանի նախկին վարչապետ, արմատական ձախերի ՍԻՌԻԶԱ կոալիցիայի առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ առաջիկա վաղաժամկետ ընտրություններում խնդրում է միայն երկու հավելյալ պատգամավորական մանդատ, քան իր կուսակցությունն ստացել է հունվարին կայացած վաղաժամկետ ընտրություններում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Հունվարի 25-ի ընտրություններում ՍԻՌԻԶԱ-ն 149 տեղ ստացավ 300-տեղանոց խորհրդարանում եւ չկարողացավ ինքնուրույն կազմել կառավարություն. երկու մանդատ չբավականացրեց խորհրդարանական մեծամասնություն ստանալու համար: Հուլիսի խորհրդարանում կայացած քվեարկության ժամանակ ՍԻՌԻԶԱ-ից ընտրված գրեթե 40 պատգամավորներ դեմ արտահայտվեցին վարկատուների հետ համաձայնագրին. Ցիպրասի քաղաքականությունը պաշտպանեցին կոալիցիոն կառավարության միայն 118 պատգամավորներ, եւ Ցիպրասը հայտարարեց պաշտոնաթողության ու արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին՝ նպատակ ունեն ալով իր քաղաքական ուղեգծի իրականացման մանդատ ստանալ:
«Մենք շատ բան չենք խնդրում: Մենք երկու պատգամավոր ավելի ենք խնդրում, քան ժողովուրդը մեզ տվեց հունվարին, որպեսզի մեզ հարկավոր չլինեն հենակներ, որպեսզի մենք չդառնանք համակարգի պատանդները»,- ասել է Ցիպրասը՝ սեպտեմբերի 10-ի երեկոյան ճառով հանդես գալով Հունաստանի հյուսիս-արեւմուտքի Յանինա քաղաքում:
Մինչ այդ Արտա քաղաքի բնակիչների հետ կայացած հանդիպմանը Ցիպրասը հայտարարել է, որ ինքը կարճ ժամանակով է լքել վարչապետի նստավայրը եւ շուտով այնտեղ կվերադառնա երկար ժամանակով:
«Վստահ եղեք, որ դուք վարչապետ եք ունենալու մի քանի տարով, այլ ոչ թե կես տարով: Մենք Մաքսիմի պալատից (Հունաստանի կառավարության ղեկավարի նստավայրը) հեռացել ենք մի քանի օրով եւ վերադառնալու ենք տարիներով, որպեսզի աշխատենք հանուն հայրենիքի վերականգնման»,- ասել է Ցիպրասը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: