Դավութօղլուն հերքում է Ջիզրեում մահացած քաղաքացիների մասին լուրը, ընդդիմությունը խոսում է 14 զոհի մասին
International newsԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն քննադատել է քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) պատվիրակության նախաձեռնությունը`գնալ Ջիզրե: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, Դավութօղլուն հայտարարել է, թե Ջիզրեում ոչ մի քաղաքացի չի մահացել: Նա ընդգծել է, որ այնտեղ փողոց դուրս գալու արգելքը կշարունակվի այնքան, քանի դեռ կա դրա անհրաժեշտությունը:
Հետաքրքիր է, որ վարչապետը նման հայտարարություն է արել այն դեպքում, երբ ավելի վաղ երկրի արդարադատության նախարարը հայտնել էր մեկ քաղաքացու մահվան մասին:
Թուրքիայի պաշտոնական շրջանակների կողմից նման հայտարարությունները զայրացրել են ընդդիմադիր կուսակցություններին: Մասնավորապես, քրդական ԺԴԿ-ից և քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) երկայացուցիչները տարբեր լրատվամիջոցներին հայտնել են Ջիզրեում մի քանի տասնյակ քաղաքացու մահվան մասին:
ԺԴԿ-ից Ֆայսալ Սարըյըլդըզը, ով Ջիզրե գնացող պատվիրակության կազմում է, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հրապարակել է զոհված և վիրավոր քաղաքացիների անունները: Մասնավորապես, նա հայտնել է 14 զոհի և մի քանի վիրավորների մասին` ընդգծելով, որ Ջիզրեում կա ջրի, հացի և էլեկտրականության խնդիր:
ՀԺԿ-ի պատգամավոր և կուսակցության ղեկավարի տեղակալ Սեզգին Թանրըքուլուն ևս հայտարարել է, որ Դաութօղլուն և արդարադատության նախարարը սուտ տեղեկատվություն են հաղորդում և իրականում զոհվել է 14 քաղաքացի: