Սահմանադրական բարեփոխումներով առաջարկվող հիմնական լուծումը խորհրդարանի դիրքի ուժեղացումն է. Վարդան Պողոսյան
PoliticsՍահմանադրության նախագծում առաջարկվող կառավարման համակարգի բարեփոխումները միտված են այն հիմնախնդիրների լուծմանը, որոնք առաջադրվել էին 2005թ. սահմանադրական փոփոխությունների նախագծում: Այս մասին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում Սահմանադրության նախագծի քննարկման ընթացքում ասաց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, հիմնական զեկուցող Վարդան Պողոսյանը:
«Հիմնական լուծումը խորհրդարանի դիրքի ուժեղացումն էր, կառավարման այնպիսի համակարգի ստեղծումը, որ հանրապետության նախագահի, կառավարության և Ազգային ժողովի միջև հաստատվեն հավասարակշռված հարաբերություններ, և Ազգային ժողովը հնարավորություն ունենա ներկայացնելու ժողովրդի ներկայացուցիչ լինելու իր առաքելությունը: 2005թ. սահմանադրական փոփոխությունները, կարևոր քայլ հանդիսանալով իշխանությունների հավասարակշման հաստատման ճանապարհին, այնուամենայնիվ, չլուծեցին բազմաթիվ խնդիրներ, որոնք կարող են երկիրը կանգնեցնել խնդիրների առաջ: Սահմանադր ական փոփոխությունների ներկայացված նախագիծը ելնում է այն կանխավարկածից, որ կառավարման կիսանախագահական համակարգի բարելավման բոլոր հնարավորությունները սպառված են, և անհրաժեշտ է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Պողոսյանը:
Վարդան Պողոսյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Սահմանադրության նախագծում լայն լիազորությունն են տրված քաղաքական փոքրամասնությանը: Նա ընդգծեց, որ կարևորագույն օրենքների ընդունումը չի կարող կայանալ առանց քաղաքական փոքրամասնության կարծիքը հաշվի առնելու, քանի որ նախագծով մեծացվում են ընդդիմության վերահսկողական գործառույթները և լիազորությունները: «Բացի այդ, Ազգային ժողովի նախագահի տեղեկալներից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ»,- նշեց նա:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամը շեշտեց, որ բարեփոխումները նպատակ ունեն բարելավել անհատի իրավական դիրքը պետության մեջ, մեծացնել նրա ազատությունները, հստակեցնել այն սահմանափակումների շրջանակը, որոնք անհրաժեշտ են ցանկացած ժողովրդավարական հասարակությունում, սահմանել սահմանափակումների նկատմամբ այն պահանջները, որոնք ընդունված են ցանկացած իրավական պետությունում:
Վարդան Պողոսյանը Սահմանադրության նախագծով առաջարկվող կարևորագույն բարեփոխում է համարում այն հանգամանքը, որ ժողովուրդը իրական հնարավորություն է ստանում անմիջական մասնակցություն ունենալ պետական կառավարմանը: Նա նշեց, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում ժողովուրդը 50 հազար ստորագրություն հավաքելու դեպքում կարող է ցանկացած հարց ներկայացնել խորհրդարանի քննարկմանը, որի վերաբերյալ Ազգային ժողովը պետք է հայտնի իր կարծիքը: «Եթե Ազգային ժողովը մերժում է ժողովրդի ներկայացրած նախագիծը, ապա 300 հազար ստորագրություն հավաքելու պար ագայում ժողովուրդը կարող է այն դնել հանրաքվեի: Հանրաքվեի ներկայացնելու համար ստորագրությունների քանակը սահմանել ենք 300 հազար, որպեսզի նման հանրաքվեները հաճախ չլինեն, և որպեսզի հանրաքվեի դրվեն այն հարցերը, որոնք կարող են արժանանալ ժողովրդի լայն զանգվածների աջակցությունը»,- հավելեց Պողոսյանը: