ԱԺ խմբակցությունների մեծ մասը տրամադրված են սահմանադրական բարեփոխումների շուրջ կառուցողական աշխատանքի
PoliticsԱզգային ժողովի խմբակցությունների մեծամասնությունը սահմանադրական բարեփոխումների գործընթացում կառուցողական աշխատելու պատրաստակամություն ունեն: Այս մասին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում Սահմանադրության նախագծի քննարկման ժամանակ ասաց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:
«Ես ինքս` որպես սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, հանդիպել եմ Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների հետ, բացառությամբ մեկի, և այդ հանդիպումների ընթացքում ստացել եմ այն տպավորությունը, որ բոլորն ունեն կառուցողական աշխատանք տանելու տրամադրվածություն և ցանկություն: Ամեն դեպքում, ես այդ հանդիպումների ընթացքում որևէ խմբակցությունից չեմ լսել կարծիք, որ սահմանադրական բարեփոխումներն ընդհանրապես պետք չեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Պողոսյանը:
Նա հույս հայտնեց, որ Ազգային ժողովի խմբակցությունները ակտիվորեն կմասնակցեն սահմանադրական բարեփոխումների գործընթացին, կօգնեն սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին ստանալ Սահմանադրության այնպիսի նախագիծ, որը ընդունվելու դեպքում կունենա երկար կյանք և կապահովի երկրի իրավական և ժողովրդավարական զարգացումը: «Սահմանադրությունը պետք է լինի հասարակության համաձայնության արդյունք, իսկ եթե այդ համաձայնությունը լինի, դա կլինի մեր երկրի հետագա զարգացման գրավականը»,- եզրափակեց Վարդան Պողոսյանը: