ԲՀԿ-ն Սահմանադրական բարեփոխումներկի վերաբերյալ վերջնական կարծիքը կհայտնի առաջիկա շաբաթվա ընթացքում
Politics«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իր վերջնական կարծիքը կհայտնի առաջիկա շաբաթվա ընթացքում կայանալիք խորհրդարանական լսումներին: Լրագրողների հետ սեպտեմբերի 11-ին կայացած հանդիպմանը այս մասին նշեց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:
«Ներկայում Հայաստանում ամենակարևոր խնդիր մնում է իշխանության ձևավորվան հարցը: Սահմանադրական բարեփոխումների նախագծում ինձ համար կարևորագույն խնդիրն է մնում քաղաքական մեծամասնության ձևավորման հարցը: Ներքին և արտաքին անվտանգության հարցը նույնպես կարևոր է, քանի որ խաղաղ պայմաններում բանակի գերագույն գլխավոր հրամանատարը, ինչպես գիտեք, պետք է լինի ՀՀ պաշտպանության նախարարը, սակայն պատերազմական դրության դեպքում` ՀՀ վարչապետը, ինչը հետագայում որոշակի խնդիրների կարող է հանգեցնել. հստակեցման անհրաժեշտություն կա»- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`շեշտեց նա:
Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջերս կայացած հանդիպմանը` ԲՀԿ-ական պատգամավորն այն արդյունավետ որակեց: «Ես կարևորում եմ, որ ՌԴ-ն մեզ տրամադրեց 200 միլիոն դոլարի վարկը` ժամանակակից ռազմական տեխնիկա ձեռք բերելու համար, որը պետք է զսպող գործիք հանդիսանա մեր թշնամու համար, ինչը շատ կարևոր է»,- ընդգծեց Մելքումյանը:
Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը օգոստոսի 20- ի ամփոփիչ նիստում հաստատել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով և այն ներկայացրել Հայաստանի Հանրապետության նախագահին: Նախագահը սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումներ է սկսել խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ. Սերժ Սարգսյանը արդեն հանդիպել է մի շարք կուսակցությունների ներկայացուցիչների և Հանրային խորհրդի անդամների հետ: