Իմ մեդալը գողացան. Միհրան Հարությունյանն՝ աշխարհի առաջնության մրցավարության մասին
SportՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանի կարծիքով աշխարհի առաջնությունում մրցավարական սխալի պատճառով իրենից գողացել աշխարհի առաջնության մեդալը:
«Իմ կարծիքով ես պետք է մեդալ ունենայի աշխարհի առաջնությունից: Մրցավարությունից խոսելով՝ ոչ մի լավ բան չեմ կարող ասել: Պետք է վերջ տրվի այս անօրենությանը: Կցանկանայի դիմել Հայաստանի օլիմպիական կոմիտեին, ըմբշամարտի ֆեդերացիան, որ ինչ որ բան արվի այս ուղղությամբ: Սա առաջին անգամը չէ: ԵՎ ես սա չեմ ասում, ի պաշտպանություն ինձ, այլ ակնհայտ է, որ այս ամենը լավ ավարտի չի ունենա: Ես եզրափակչի իսկական մասնակից պետք է լինեի: Իմ մեդալը գողացան: Գոնե հաջորդ անգամ մրցավարությունն արդար լինի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիրը:
Հարությունյանի խոսքով՝ այժմ իրեն հանգստանալ է պետք թե ըմբշամարտից և թե աշխարհի առաջնության անց ու դարձից:
«Օլիմպիական խաղերն իմ երազանք են և պետք նախապատրաստվեմ այդ խաղերին, քանի որ արդեն վարկանիշ եմ վաստակել»,-ասաց Միհրանը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը պարտվեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար պայքարում: Բրոնզե մեդալի համար պայքարում Հարությունյանը պայքարում էր Եվրոպական խաղերի եզրափակչի մրցակից Արտյոմ Սուրկովի հետ: Թեպետ Հարությունյանը առաջին մրցափուլից հետո պարտվում էր 2-0 հաշվով, սակայն լավ գլորումների շնորհիվ հայ ըմբիշը հավասարեցրեց հաշիվը: Սակայն մրցավարների թեթև ձեռքով Սուրկովին տրվեցին մի քանի միավոր և վերջինս դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդա լակիր: