Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահը Թուրքիայում զենքերը վայր դնելու կոչ է արել
International newsԳերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ, ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրը մտահոգություն է հայտնել Թուրքիայում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ` հայտարարելով, որ պետք է չեղյալ համարել Անթալիայում նոյեմբերի 15-16-ը նախատեսված G-20-ի գագաթնաժողովը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Հորդորելով Թուրքիայում վայր դնել զենքերը և շարունակել հաշտեցման գործընթացը` Օզդեմիրն ընդգծել է. «Մի միջավայրում, որտեղ երկրի մի մասն այրվում է, անընդունելի է արմավենիների տակ հանգիստ միջավայրում նստելը»: Գերմանացի քաղաքական գործիչն ընդգծել է, որ Թուրքիայում ներքին պատերազմական իրավիճակ է, և անհրաժեշտ է, որ համաշխարհային տերությունների ղեկավարները ճնշում գործադրեն Էրդողանի վրա:
«ՆԱՏՕ-ի անդամ երկրի համար տեղի ունեցող զարգացումներն անընդունելի են»,- ասել է նա` հավելելով, որ Թուրքիայում բռնությունները պետք է անհապաղ դադարեցվեն: