Հունգարիան մեծ թվով զինվորականների է տեղակայել Սերբիայի հետ սահմանին
International newsՀունգարիայի Ռյոսկե ավանում, որը սահմանակից է Սերբիային, մեծ թվով զինվորականներ են հայտնվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: Մի քանի տասնյակ զինվորականներ պատ են կազմել Սերբիայի հետ սահմանի այն հատվածում, որտեղով շարունակվում է փախստականների անկառա վարելի հոսքը դեպի երկիր: Սահմանից քիչ հեռու կայանված են զինվորականների մեքենաները:
Սեպտեմբերի 15-ի գիշերը Հունգարիայում ուժի մեջ է մտնելու փախստականների և սահմանի մասին օրենքի փաթեթը, որը ընդունվել է նախորդ շաբաթ: Սահմանի ապօրինի հատումը հանցագործություն կհամարվի, որը կպատժվի բանտարկությամբ կամ արտաքսմամբ: Որպես հանցագործություն կդիտվի նաև սահմանը հատելու ժամանակ անցակետի վնասումը: Բացի այդ, խստացվում է մաքսանենգների համար նախատեսված պատիժը, որոնք իրավախախտներին օգնում են անցնել սահմանը:
Միևնույն ժամանակ, առայժմ հայտնի չէ, թե ինչ է սպասվում մի քանի հազարի հասնող այն փախստականներին, որոնք Մակեդոնիայի, Հունաստանի և Սերբիայի տարածքով շարժվում են դեպի հունգարական սահման և մինչև սեպտեմբերի 15-ը չեն կարողանալու հատել այն: Ականատեսների խոսքով, Հունաստանը, դեպի ուր շարունակվում է փախստականների հոսքը Թուրքիայից, շարունակում է նրանց թույլատրել մուտք գործել իր տարածք:
2015թ. սկզբից ի վեր Եվրամիությաան տարածք է մուտք գործել մոտ 500 հազար ներգաղթյալ, որոնց թիվն օրեցօր ավելանում է հազարավոր մարդկանցով: