Քիշնեւում պահանջում են «ժողովրդական վստահության» կառավարություն ձեւավորել
International newsՄոլդովայի մայրաքաղաքում անցկացվող ցույցի մասնակիցները պահանջում են «ժողովրդական վստահության» կառավարություն ձեւավորել:
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, Քիշնեւի հրապարակում ստեղծված Մեծ ազգային ժողովի խորհրդի նախագահ Անդրեյ Նեստասեն հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն հաջորդ տարվա գարնանից ոչ ուշ: Մինչ այդ, ըստ նրա, ի հայտ կգա քաղաքական ուժ, որին ժողովուրդը կվստահի իշխանությունը:
Նրա խոսքով, մինչ խորհրդարանը ցրելն ու արտահերթ ընտրությունների օր նշանակելը Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին պետք է ազատ արձակի կառավարությունը, այնուհետեւ ինքն էլ հրաժարական ներկայացնի:
«Իսկ մենք «ժողովրդական վստահության» կառավարություն կձեւավորենք, որը երկիրը կկառավարի մինչ արտահերթ ընտրությունները, ինչից հետո խորհրդարանը կկարողանա նոր կառավարություն ձեւավորել: Այդ կառավարությունում կներառվեն մարդիկ, որոնց դուք կվստահեք. ազնիվ, պարկեշտ, չկոռումպացված»,- հայտարարել է Նեստասեն: