Դմիտրի Ալենիչեւ. Մովսիսյանը կարող է խաղալ ավելի լավ, Օզբիլիսը դեռ պատրաստ չէ
SportՄոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչեւը, մեկնաբանելով «Ռոստովի» նկատմամբ հաղթանակը Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրում, պատասխաել է նաեւ վնասվածք ստացած Յուրա Մովսիսյանի եւ խաղաժամանակ չստացած Արաս Օզբիլիսի մասին հարցերին:Մոսկվայում կայացած խաղի 60-րդ րոպեին Հայաստանի հավաքականի հարձակվողը կաղալով լքել էր խաղադաշտը, իսկ Արաս Օզբիլիսը դարձյալ մնացել էր մոսկովյան ակումբի պահեստայինների թվում:
Մովսիսյանը խաղադաշտ լքեց կաղալով: Նրա հետ ամեն բան նորմա՞լ է:
Յուրան թեթեւ վնասվածք է ստացել եւ նրա ոտքին սառույց են դրել: Հուսով եմ՝ Մովսիսյանի մոտ լուրջ ոչինչ չկա:
Իսկ խաղային առումով Մովսիսյանի մոտ ամեն բան կարգի՞ն էր:
Առաջին խաղակեսում նա ունեցավ 2 գոլային պահ: Դրանցից մեկը Յուրան չօգտագործեց, թեեւ լավ ազատվեց պաշտպանի հսկողությունից: Երկրորդ դրվագում Մովսիսյանը չգնահատեց իրավիճակը: Բաշտուշը սայթաքեց, իսկ Յուրան ավելի շատ ճարպկություն դրսեւորելու դեպքում կարող էր գոլ խփել: Մենք շատ լավ հասկանում ենք, որ Մովսիսյանը կարող է խաղալ ավելի լավ եւ նա արդեն ցուցադրել է դա: Այսօր նա չցուցադրեց իր առավելագույն հնարավորությունները, ինչպես ամբողջ թիմը:
Ի՞նչ ֆունկցիոնալ վիճակում է Արաս Օզբիլիսը:
Արասը մասնակցեց Հայաստանի հավաքականի 2 խաղերից միայն մեկին: Այսօր Օզբիլիսին կարելի էր դուրս բերել փոխարինման, սակայն կարծում եմ, որ նա դեռ պատրաստ չէ: Ես ենթադրեցի, որ պաշտպանողական ֆուտբոլիստների խումբն ավելի օգտակար կլինի այս խաղում, փոխանցում է «Սպարտակի» կայքը: