Իջեւանում հաղթեց գործող կուսակցափոխ քաղաքապետը
PoliticsՏավուշի մարզի Իջեւան քաղաքում սեպտեմբերի 13-ին կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթանակ է տարել գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանը, որը իշխող քաղաքական ուժի աջակցությունը ստանալու համար ընտրությունից ամիսներ առաջ լքել էր «Բարգավաճ Հայաստանը» եւ հանրապետական էր դարձել:
Քաղաքի ութ ընտրատեղամասերի տվյալների մշակման արդյունքում պարզվել է, որ Ղալումյանը ստացել է 6 հազար 240 քվե, իսկ նրա մրցակից, կադաստրի Իջեւանի ստորաբաժանման ղեկավար Վարուժան Ներսիսյանը՝ 2 հազար 32 քվե:
Ընտրություններին մասնակցել է գրանցված 14 հազար 153 ընտրողներից 8 հազար 488–ը: 205 քվեաթերթիկ անվավեր է եղել:
Ընտրություններում ՀՀԿ-ն աջակցում էր Ղալումյանի թեկնածությունը, թեեւ Վարուժան Ներսիսյանը եւս հանրապետական է: Քարոզարշավի ողջ ընթացքում Ներսիսյանը դժգոհում էր, որ իր մրցակցի օգտին վարչական ռեսուրս են կիրառում:
Նշենք, որ Վարուժան Ներսիսյանը 1999-2011 թվականներին եղել է Իջեւանի քաղաքապետը, 2011թ. ընտրություններում նա պարտություն կրեց Վարդան Ղալումյանից: