ԵՄ-ի խորհուրդն արտահերթ նիստում կփորձի ելք գտնել միգրացիոն ճգնաժամից
International newsԵվրամիության խորհուրդը սեպտեմբերի 14-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում բացվող արտահերթ նիստում՝ հանրակցության արդարադատության եւ ներքին գործերի նախարարների մակարդակով, կփորձի ելք գտնել միգրացիոն ճգնաժամից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Արդարադատության եւ ներքին գործերի խորհրդի արտահերթ նիստը կորոշի միգրացիայով պայմանավորված ներկայիս ճգնաժամի դեմ պայքարի հետագա ընթացքը»,- հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունում:
Հանդիպմանը, Եվրամիության անդամ երկրների ՆԳ նախարարներից բացի, կմասնակցեն միգրացիայի հարցերով զբաղվող գործակալությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչները:
«ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի մի շարք գործակալություններ՝ Ֆրոնտեքսը, Փախստականների աջակցման եվրոպական բյուրոն, Եվրոպոլը, Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, Խորհրդին կտեղեկացնեն միգրացիոն հոսքերի եւ տեղերում տիրող իրադրության մասին: Խորհուրդը քննարկումը կանցկացնի այդ տեղեկատվության հիման վրա»,- պարզաբանել են մամուլի ծառայությունում:
Բացի այդ, Խորհուրդը կլսի միգրացիայի վերաբերյալ Եվրահանձնաժողովի նոր առաջարկությունները:
Եթե հանրակցության ներքին գործերի նախարարների հանդիպումն արդյունք չտա, ապա Եվրամիութունը կարող է արտահերթ գագաթնաժողով գումարել միգրացիայի հարցերի շուրջ, ինչի մասին ավելի վաղ հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
Տարեսկզբից Եվրամիության երկրներ են ժամանել ավելի քան 430 հազար միգրանտներ, ինչն արդեն կրկնակի գերաանցում է 2014 թվականի ցուցանիշը: Ընդ որում մինչեւ ընթացիկ տարվա վերջն այդ թիվը կարող է կրկնապատկվել, քանի որ ներգաղթյալների հոսքն ամսեամիս ավելի է մեծանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: