Ադրբեջանի Միլի Մեջլիսը Եվրախորհրդարանի բանաձեւը «խիստ վիրավորական» է բնութագրել
International newsԱդրբեջանի Միլի Մեջլիսը սեպտեմբերի 14-ի նիստում որոշում է ընդունել, որում սեպտեմբերի 10-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը «խիստ վիրավորական» է բնութագրել: Եվրախորհրդարանի բանաձեւում Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների պատճառով այդ երկրի դեմ պատժամիջոցների կոչ է արվում:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, որոշման մեջ նշվում է, թե Եվրախորհրդարանի բանաձեւը վկայում է, որ Արեւմուտքում Ադրբեջանին«վարկաբեկելու արշավ» է սկսվել: Նշվում է նաեւ, որ այն բանից հետո, երբ Եվրախորհրդարանը անցյալ տարվա սեպտեմբերին սկսել է գործել նոր կազմով, նրա ղեկավարության պատճառով Ադրբեջանի հետ համագործակցությունը չի կայացել, քանի որ Եվրախորհրդարանի նախագահը «ոչ պաշտոնապես արգելք է դրել իր պատգամավորների այցերին Ադրբեջան»:
Նշվում է նաեւ, որ Ադրբեջանի դեմ բանաձեւում առաջ քաշված պահանջները «որեւէ իրավական հիմք չունեն»:
Ադրբեջանի խորհրդարանը ԵԽԽՎ «Եվրոնեսթ»-ում իր մասնակցության դադարեցման գործառույթ սկսելու մասին որոշում է ընդունել: Միլի Մեջլիսը Եվրախորհրդարանից պահանջել է հրաժարվել Ադրբեջանի դատական համակարգի վրա «ճնշում գործադրելու փորձերից», ինչպես նաեւ նոյեմբերի 1-ին Ադրբեջանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին դիտորդներ չուղարկելու կոչերից:
Բացի այդ, ադրբեջանական խորհրդարանը «զգուշացրել» է, որ եթե Ադրբեջանի դեմ վիզային արգելքներ սահմանվեն, ապա Բաքուն եւս կքննարկի Եվրախորհրդարանի եւ Եվրամիության պաշտոնական անձանց այցերը «սահմանափակելու մասին հարցեր»: Փաստաթղթում ընդգծվում է նաեւ ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակում Ադրբեջանի գործունեության ձեւաչափի փոփոխության անհրաժեշտությունը:
Մինչ նման որոշման ընդունումը, ադրբեջանական խորհրդարանում ելույթ ունեցող պատգամավորները «սպառնացել» են Եվրախորհրդարանին` սեպտեմբերի 10-ի նիստում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների հետ կապված պատժամիջոցների կոչով բանաձեւ ընդունելու համար:
Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտահերթ նիստը հրավիրվել է հատուկ, որպեսզի պատասխան տրվի Եվրախորհրդարանի սեպտեմբերի 10-ի բանաձեւին: Այդ բանաձեւում քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջ է արտահայտվել, ինչպես նաեւ կոչ է արվել պատժամիջոցներ կիրառել բոլոր այն պաշտոնատար անձանց եւ դատավորների դեմ, որոնք հետապնդել են քաղաքական ակտվիստներին Ադրբեջանում:
Միջազգային եւ ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` ներկայում Ադրբեջանում մոտ 100 քաղաքական բանմտարկյալներ կան, այդ թվում` 20 «խղճի բանտարկյալներ»: