Եվրամիությունը կուժեղացնի միգրացիոն հոսքի վերահսկողության գործողությունները
International newsԵվրամիությունը կուժեղացնի միգրացիոն հոսքի վերահսկողության գործողությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ԵՄ-ի 28 երկրների ՆԳ նախարարությունների ղեկավարների՝ միգրացիայի հարցերին նվիրված արտահերթ հանդիպման արդյունքների վերաբերյալ տարածված հայտարարության մեջ:
«Խորհուրդն ընդգծեց, որ արդյունավետ սահմանային հսկողությունն անհրաժեշտ է միգրացիոն հոսքերը կառավարելու համար: Խորհուրդը հավաստեց, որ պետք Է ուժեղացվեն «Տրիտոն» եւ «Պոսեյդոն» գործողությունները, ինչպես նաեւ միգրանտներին տեղափոխող նավերի ոչնչացման գործողությունը»,- նշվում է փաստաթղթում: Բացի այդ, ՆԳՆ ղեկավարները ողջունել են մինչեւ տարեվերջ արտաքին սահմանների անվտանգության գծով ԵՄ-ի գործակալության (Frontex) հնարավորություններն զգալիորեն ամրապնդելու Եվրահանձնաժողովի առաջարկը:
ԵՄ-ի խորհուրդը 120 հազար միգրանտների հանրակցության երկրների միջեւ բաշխելու մեխանիզմի վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկի մասին որոշման ընդունումը հետաձգել է մինչեւ հոկտեմբեր:
«Իրադարձությունների վերջին զարգացման համատեքստում ԵՄ-ի Խորհուրդը սկզբունքորեն պայմանավորվել է միջազգային պաշտպանության կարիք ունեցող լրացուցիչ 120 հազար մարդու տեղեբաշխման շուրջ: Անդամ բոլոր երկրները հավաստել են դրան մասնակցելու պատրաստակամությունը: Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված թիվը Եվրամիության ներսում այդ անձանց տեղաբաշխման վերաբերյալ ապագա համաձայնագրի հիմքն է»,- նշվում է հայտարարության մեջ:
«ԵՄ-ի Խորհուրդը կոչ Է արել Եվրախորհրդարանին՝ շտապ կարգով ձեւակերպել իր դիրքորոշումն այդ հիմնախնդրի նկատմամբ, որպեսզի դրա վերաբերյալ որոշումն ընդունվի ԵՄ-ի արդարադատության եւ ներքին գործերի խորհրդի՝ հոկտեմբերի 8-9-ին կայանալիք հերթական նիստում»,- ասված է ԵՄ-ի լյուքսեմբուրգյան նախագահության հաղորդագրության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: