Էդվարդ Նալբանդյանը Դուշանբեում ներկայացրել է ՀԱՊԿ-ում Հայաստանի առաջիկա նախագահության առաջնայնությունները
PoliticsՀայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 15-ին Դուշանբեում մասնակցել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։ ԱԱԽ-ն ներկայացրել է Անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Արամ Թանանյանը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, նախարարներն անդրադարձել են Հավաքական անվտանգության խորհրդի 2014թ. դեկտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարման ընթացքին։
Նիստին հավանություն է տրվել օրվա երկրորդ կեսին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի օրակարգում ներառված շուրջ երկու տասնյակ փաստաթղթերի նախագծերին։
Հանդիպմանը քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման, տեղեկատվական անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նիստի մասնակիցներին զեկուցել է կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների մասին։
Նիստի ընթացքում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ՀԱՊԿ-ում Հայաստանի առաջիկա նախագահության առաջնայնությունները։
Հանդիպման արդյունքներով ստորագրվել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք փաստաթղթեր։
Նիստի ավարտին ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդում, պաշտպանության նախարարների խորհրդում և անվտանգության խորհուդների քարտուղարների կոմիտեում նախագահությունը փոխանցվել է Հայաստանին։