Ասադին Մոսկվայի աջակցությունն սպառնում է Սիրիայի հակամարտության ձգձգմամբ. Քերի
International newsՌուսաստանի կողմից նախագահ Բաշար Ասադին ցուցաբերվող աջակցությունը հղի է Սիրիայի ներքին զինված հակամարտության ձգձգմամբ: Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, այդ մասին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ սեպտեմբերի 15-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ:
Ինչպես նույն օրն ավելի ուշ նշել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, Քերին զանգահարել է Լավրովին՝ քննարկելու «Սիրիայում շարունակվող հակամարտությունը»: Ընդսմին Քերին «պարզորոշ հասկանալ է տվել, որ Ռուսաստանի կողմից նախագահ Ասադին շարունակվող աջակցությունն սպառնում է հակամարտության սրմամբ ու ձգձգմամբ»:
Միաժամանակ ամերիկյան դիվանագիտության ղեկավարն «ընդգծել է, որ ԱՄՆ-ը կողջուներ Ռուսաստանի կառուցողական դերը» «Իսլամական պետություն» խմբավորման դեմ ուղղված ջանքերում:
Քերին նշել է, որ «Սիրիայի հակամարտությունը ռազմական լուծում չունի», որ իրադրությունն այնտեղ կարող է կարգավորվել միայն այն դեպքում, եթե Ասադի իշխանությանը փոխարինելու գա նոր կառավարություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: