Սահմանադրական բարեփոխումերը միտված են քաղաքական դաշտի կենսունակության ապահովմանը. Գալուստ Սահակյան
PoliticsԱզգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը բնական է համարում այն հանգամանքը, որ սահմանադրական բարեփոխումների նախագիծն անցնում է բուռն քննարկումների մթնոլորտում, քանի որ արդեն մի քանի ամիս, իսկ ընդհանրապես նորանկախ Հայաստանի պատմության մեջ հասարակական-քաղաքական կյանքի ամենաքննարկվող հարցերի մեկը հենց սահմանադրական բարեփոխումներն են: Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկմանն ԱԺ նախագահը հանդես եկավ արտահերթ ելույթով: Իր ելույթում նա փաստեց, որ սահմանադրական բարեփոխումները կենսական նշանակություն չունեն ոչ իշխանությունների, ոչ իշխող քաղաքական ուժի, ոչ էլ առանձին վերցրած քաղաքական ուժի կամ կազմակերպության համար:
«Սակայն դրանք կենսական անհրաժեշտություն են երկրի, հասարակության և քաղաքական ուժերի ապագայի տեսանկյունից, և խոսքը բնավ էլ այսօրվա կամ վաղվա մասին չէ, ինչպես հաճախ ամբոխահաճությանը գերի ընկնելով և հասարակության թյուրիմացության մեջ գցելով պնդում են որոշ քաղաքական գործիչներ կամ մամուլի ակումբների մշտական հաճախորդներ: Որևէ մեկը ոչ մի դեպքում չպետք է շփոթի երկրի մայր օրենքը սեփական Սահմանադրության հետ, որովհետև այսօր պետությունը մենք բոլորս ենք` և այստեղ նստածներս, և Ազատության հրապարակի ցուցարարը, և սահմանը պաշտպանող զինվորը և թշնամու գնդակների տակ իր հողից երբեք չկտրվող գյուղացին: Մի խոսքով, ինչպես Սահմանադրությունն է ամրագրում, իշխանությունը պատկանում է ժողովրդին, հետևաբար ոչ Սահմանադրությունը և ոչ էլ դրանում առաջարկվող փոփոխությունները որևէ մեկի սեփականությունը չեն, ոչ որևէ մեկի համար են, ոչ էլ որևէ մեկի դեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Սահակյանը:
Նա շեշտեց, որ սահմանադրական բարեփոխումներն ուղղված չեն որևէ քաղաքական ուժի կենսունակությանը, դրանք ուղղված են քաղաքական դաշտի կենսունակության ապահովմանը: ԱԺ նախագահը նկատեց, որ քաղաքական դաշտը բաղկացած է և իշխանությունը ներկայացնող քաղաքական ուժից, և իշխանությանն ընդդիմադիր քաղաքական ուժերից: «Այս նախագիծը կոչված է դառնալու ոչ թե քաղաքական ուժերին հակամարտության, այլ համերաշխության մղող, տեսակետներ համադրող փաստաթուղթ, որովհետև միայն համերաշխ ու հանդուրժող հասարակության պայմաններում կարելի է համախմբել ուժերը և ապահովել երկ րի կայուն զարգացումը»,- ընդգծեց ԱԺ նախագահը:
Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ ինչ-որ տեղ հասկանալի է սահմանադրական բարեփոխումներին դեմ այն քաղաքական ուժերի կամ կազմակերպությունների դիրքորոշումը, որոնք փորձում են որոշակի անվանումով ինչ-որ շարժում ձևավորել: Նրա խոսքով՝ սա ևս տեղավորվում է Սահմանադրության, ինչպես նաև առաջարկվող փոփոխությունների ընձեռող հնարավորությունների և ժողովրդավարության շրջանակներում: «Չէ՞ որ հենց Սահմանադրությունն է փաստում, որ յուրաքանչյուր ոք ազատ է արտահայտել իր կարծիքը: Ասեմ, որ մենք ևս կողմ ենք «ոչ»-ի գաղափարին: Այո, մենք ոչ ենք ասում պոպուլիզմին, մենք ոչ ենք ասում քաղաքացիական հասարակությանը մոլորեցնողներին և բողոքի ակցիաներով ժամանակ վատնողներին, մենք ոչ ենք ասում որոշ քաղաքական ուժերի անհատներին, անհետացող ու պահ առ պահ հայտնվող ինչ-որ գործիչների կողմից ժողովրդի զգացմունքների վրա խաղալու գործելաոճին, սակայն մենք «այո» ենք ասում քաղաքական հասարակության ակտիվությանը, պետության ճակատագրով մտահոգվելու գործելակերպին, Սահմանադրության շրջանակներում տեղավորվող ցանկացած գործունեության»,- ընդգծեց Գալուստ Սահակյանը:
Եզրափակելով խոսքը՝ ԱԺ նախագահը համոզվածություն հայտնեց, որ կառավարման ձևի ներկայացված տարբերակը, անցումը խորհրդարականա կառավարման համակարգին մեծապես կարող է նպաստել Հայաստանում սահմանադրականության ամրապնդման, իշխանությունների հավասարակշռման համակարգի կատարելագործմանը, քաղաքական ուժերի կոնսոլիդացմանը, կուսակցությունների դերի բարձրացմանը, պոպուլիզմի ծավալների էական կրճատմանը: Նրա խոսքով, սահմանադրական բարեփոխումների արդյունքում շահելու է ժողովուրդը՝ ձեռք բերելով ժողովրդավարության կայուն մակարդակ: