Էրդողանը մեկնում է Մոսկվա մզկիթ բացելու
International newsԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում է սեպտեմբերի 23-ին այցելել Ռուսաստան` մասնակցելու Մոսկվայի գլխավոր մզկիթի նոր համալիրի բացման արարողությանը, որին պետք է մասնակցի նաեւ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը:
Գործակալության հետ զրույցում ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է երկկողմանի հանդիպումներ անցկացնել Էրդողանի եւ Աբբասի հետ:
«Թուրքիայի նախագահն իսկապես ներկա կգտնվի Մոսկվայում մզկիթի բացման արարողությանը, եւ այդ առիթով նաեւ հանդիպում տեղի կունենա նախագահ Պուտինի հետ, կկայանա երկկողմանի զրույց: Մենք սպասում ենք, որ եթե բացման արարողությանը մասնակցի նաեւ Պաղեստինի ինքնավարության նախագահ Աբբասը, ապա Պուտինը նրա հետ եւս առանձին զրույց կունենա», -լրագրողներին ասել է Պեսկովը:
Մամուլի քարտուղարը, սակայն, դեռ չի հայտնել` արդյոք Պուտինը կմասնակցի մզկիթի բացման արարողությանը: «Ես դեռ պատրաստ չեմ ասել», -նշել է նա: