ՀՀ ԱԺ փոխնախագահն աննախադեպ է համարում ԱԺ-ում սահմանադրական բարեփոխումների քննարկումը
PoliticsՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձանագրում է, որ խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների քննարկումը անցել է կառուցողական մթնոլորտում և եղել է բովանդակային: Խորհրդարանում ելույթ ունենալով` ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ քննարկումն աննախադեպ էր հայոց պառլամենտարիզմի պատմության մեջ:
«Քննարկման ընթացքում հնչել է 55 հարց, եղել են 50-ից ավել ելույթներ: Ես չեմ հիշում, որ Ազգային ժողովում որևէ հարցի շուրջ լինի 50-ից ավելի ելույթ, որոնք հիմնականում եղել են կառուցողկան և առանց վիրավորանքների: Որոշակի բացառությունները մի կողմ՝ բովանդակային քննարկումը հիմնականում ստացվեց: Բոլոր խմբակցությունների մասնակցությամբ բազմակողմանի քննարկումները ցույց տվեցին, որ սահմանադրական բարեփոխումները մեր ներքաղաքական թիվ մեկ օրակարգային հարցն է»,- նշեց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը հատուկ շնորհակալություն հայտնեց Հանրային հեռուստաընկերության տնօրինությանը՝ հեռուստադիտողներին, մանավանդ հեռավոր մարզերում ապրող քաղաքացիներին, սահմանադրական բարեփոխումների քննարկումներին հետևելու հնարավորություն ընձեռելու համար: «Ես տեղեկություններ ունեմ, որ այս քննարկումներին զուգահեռ, քաղաքացիներն էլ արդեն միմյանց հետ քննարկում սահմանադրական բարեփոխումների հարցը: Հարցեր կան, որ հստակ են լինում քաղաքացիների համար»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը: