ՍԻՐԻԶԱ–ի առաջնորդ Ցիպրասը կմեկնի ԱՄՆ ու կհանդիպի Օբամայի հետ
International newsՍԻՐԻԶԱ կուսակցության առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ մոտ ժամանակներս մտադիր է այցելել ԱՄՆ, որտեղ կհանդիպի նախագահ Բարաք Օբամայի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Կուսակցության տեղեկատվական ծառայության տվյալներով, Ցիպրասը կմասնակցի նաեւ Եվրամիության՝ միգրացիոն քաղաքականության հարցերով համաժողովին, որը տեղի կունենա սեպտեմբերի 23–ին։
«Երեքշաբթի տեղի կունենա կառավարության երդմնակալությունը եւ Ցիպրասը չորեքշաբթի կմասնակցի ԵՄ համաժողովին, որտեղ նախագահ Նիկոս Անաստասիադիսի խնդրանքով կներկայացնի նաեւ Կիպրոսը»,– ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Հունաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում ՍԻՐԻԶԱ կուսակցությունը քվեաթերթիկների 97.45 տոկոսի հաշվարկի արդյունքներով հավաքել է ձայների 35.47 տոկոսը։ Նրան՝ 7.4 տոկոս տարբերությամբ հաջորդում է «Նոր ժողովրդավարությունը»՝ ընտրողների 28.07 տոկոսով։ Երրորդ ու չորրորդ տեղերը զբաղեցնում են աջակողմյա «Ոսկե արշալույսը» եւ ՊԱՍՕԿ–ը ՝ համապատասխանաբար ձայների 6.98 եւ 6.27 տոկոսով։