ՕԵԿ-ը դեռ չի որոշել՝ «Ո´չ»-ի արշավը կտանի՞, թե՞ կմիանա այլ ճակատների. Ա.Միսակյան
PoliticsԱԺ խմբակցություններն արդեն ներկայացրել են իրենց կուսակցությունների դիրքորոշումը Սահմանադրության նոր նախագծին «կողմ» կամ «դեմ» լինելու վերաբերյալ:
ԱԺ-ում ներկայացված միակ կուսակցությունը, որը դեռ պաշտոնապես չի հայտարարել իր դիրքորոշումը, ՕԵԿ-ն է: Կուսակցությունը սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ իր վերջնական դիրքորոշումը կհայտնի մինչև հոկտեմբերի 5-ը կայանալիք ԱԺ հերթական քառօրյան: Այս մասին Orer.am-ի թղթակցին ասաց ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը:
«Հաշվի առնելով այն, թե որքանով կընդունվեն մեր առաջարկությունները, կամ չեն ընդունվի, այդ ժամանակ կհայտնենք մեր քաղաքական դիրքորոշումը: Բայց մենք բազմիցս հայտարարել ենք, որ նախագիծն այս տեսքով մեզ համար անընդունելի է»,- ասաց Ա. Միսակյանը:
Միսակյանի խոսքով՝ ՕԵԿ-ը չի կարող մասնակից չլինել ժողովրդի համար այս կարևորագույն խնդրին, հետևաբար, ի սկզբանե, մասնակցել են քննարկումներին, ներկայացրել իրենց կուսակցության առաջարկություններ, մոտեցումները և դասական քաղաքական գործընթացի պահանջներից ելնելով՝ սպասում են իրենց առաջարկությունների ընդունմանը կամ մերժմանը, որով էլ պայմանավորված կլինեն իրենց հետագա քայլերը:
ՕԵԿ-ը ներկայացրել է հինգ կոնցեպտուալ առաջարկություն, որոնք վերաբերում են Սահմանադրության նախագծի բոլոր բաժիններին և եթե բոլոր առաջարկությունները չընդունվեն, ապա չի բացառվում, որ կուսակցությունը դեմ քվեարկի Սահմանադրության նոր նախագծին: «Եթե մեր կուսակցությունը բովանդակային քննարկման դաշտ չմտներ, այդ ժամանակ իր քաղաքական դիրքորոշումը կհայտնեին միանգամից, բայց քաղաքական գործընթացի տրամաբանությունից ելնելով՝ անհեթեթ կլինի, որ մինչև ներկայացված առաջարկությունների մասին արձագանք ստանալը դիրքորոշում հայտնենք: Մենք ենք որոշելու, թե որտեղ ենք լինելու՝ այսպես ասած «Ո´չ»-ի արշավն ենք տանելո՞ւ, թե՞ միանալու ենք այլ ճակատների, ժամանակը ցույց կտա»,- ասաց Ա. Միսակյանը:
Արմինե Գրիգորյան