ԵՄ-ն կարեւորեց նոր ջանքերի գործադրումը Սիրիայի եւ Լիբիայի իրադրությունը կայունացնելու համար
International newsԱնհրաժեշտ է «միջազգային նոր ջանքեր գործադրել» Սիրիայի եւ Լիբիայի իրադրությունը կայունացնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, ասված է Եվրամիության՝ Բրյուսելում ավարտված արտահերթ գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ:
«Անհրաժեշտ է միջազգային նոր ջանքեր գործադրել Սիրիայի իրադրությունը կարգավորելու համար, որը միգրացիայի աղբյուր հանդիսացող հիմնական երկրներից մեկն է, եւ Լիբիայի, որը հանգուցային տարանցիկ կետ է դարձել Հյուսիսային եւ Հասարակածային Աֆրիկայից փախստականների համար, որոնք ուղեւորվում են Եվրամիություն»,- նշվում է փաստաթղթում:
«Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ի հովանու ներքո գործադրել նոր միջազգային ջանքեր, որպեսզի վերջ դրվի Սիրիայում շարունակվող պատերազմին, ինչն այդքան շատ տառապանքներ է բերել եւ հարկադրել, ըստ որոշ գնահատումների՝ 12 մլն մարդու լքելու իրենց տները»,- ասված է ամփոփիչ հայտարարության մեջ:
Դրա հետ մեկտեղ փաստաթղթում չի խոսվում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագրի մասին: Միեւնույն ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը գագաթնաժողովից հետո հայտարարել է, որ Փարիզը շարունակում է պնդել Ասադի հեռացումը քաղաքական ասպարեզից:
Ինչ վերաբերում է Լիբիային, ապա ԵՄ-ի երկրները պայմանավորվել են «բոլոր ջանքերը գործադրել այնտեղ շուտափույթ ազգային միասնության կառավարություն ձեւավորելու համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը