Կալիֆոռնիայում հրդեհները 1,9 հազար տուն են ոչնչացրել եւ օթեւանից զրկել 3 հազար մարդու
International newsԿալիֆոռնիայի նահանգի հյուսիսում մոլեգնող սաստիկ հրդեհներից վնասը գնահատվում է հարյուր միլիոնավոր դոլարներ: Ստույգ թիվը ճշտվում է, տեղեկացնում է Արմենպրեսը՝ հղում անելով նահանգի իշխանություններին:
Ինչպես հայտնել է Կալիֆոռնիայի նահանգապետին առընթեր արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Մարկ Գիլարդուչին, կրակը սեպտեմբերի 12-ից 28,4 հազար հեկտար տարածք է ճարակել Լեյք, Նապա եւ Սոնոմա օկրուգներում: Ոչնչացվել է 1,9 հազար շինություն, ներառյալ 1238 տուն, շուրջ 3 հազար մարդ զրկվել է օթեւանից: Նրանց ժամանակավոր ապաստան է տրամադրվել դպրոցական շենքերում եւ այլ կացարաններում:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հրամանագրով Կալիֆոռնիայի հյուսիսը տարերային աղետի գոտի է հայտարարված: Առավել մեծ վնաս է պատճառվել Քոբ բնակավայրին: Սեպտեմբերի 23-ին այնտեղ այրված տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դիակ: նա դարձել է տարերային աղետի վեցերորդ զոհը: Եվս առնվազն երեք մարդ անհայտ կորած է համարվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: