Ծառուկյանը վարագույրի հետևից շարունակում է ԲՀԿ-ի թելերը քաշել. սոցիոլոգ
Politics«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն օրերս հայտարարել էր, որ կողմ է քվեարկելու սպասվելիք սահմանադրական փոփոխություններին: Թեպետ ԲՀԿ-ի այս քայլն անակնկալ որոշում չի կարելի համարել, այնուամենայնիվ, հետաքրքիր է, թե արդյոք տվյալ քաղաքական ուժը իշխանական հերթական ծրագրին «այո» ասելով չի կորցնում իր էլեկտորատի մի հատվածը:
Ինչպես Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը, սահմանադրական փոփոխությունների հետ կապված հետազոտությունների արդյունքները պարզ կլինեն հոկտեմբեր ամսվա կեսերին: «Այդ ժամանակ նոր կարող ենք ասել թե սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրությունն ինչ կարծիք ունի: Ինչ վերաբերում է նրան, որ ԲՀԿ-ն կողմ է փոփոխություններին, միանշանակ պարզ էր այն առումով, որ նա կենտրոնամետ ընդդիմություն է, իսկ կենտրոնամետ ընդդիմությունը հաճախ միանում է իշխանական ուժերին, որոնք գործում են: Վաղն էլ ՕԵԿ-ը կմիանա, մյուս օրը՝ ՀՅԴ-ն, ու «Ժառանգությունը» դաշտում կմնա միայնակ՝ որպես հակադիր ուժ, քանի որ նրանց մոտ մերժողական քաղաքականություն է: Կապ չունի իշխանությունը լավը կասի, թե վատը, միևնույն է, նրանք պետք է մերժեն դա իրենց ինքնահաստատման համար»,- նշեց սոցիոլոգը:
Ըստ Ա. Ադիբեկյանի՝ ԲՀԿ-ին ձայն են տվել նրա համար, որ վերջինս եղել է կոալիցիայի անդամ: «Դրա համար էլ նրա էլեկտորատը բարձր է եղել: Ծառուկյանի հեռացումից հետո տվյալ կուսակցության ռեյտինգը կրկնապատկվեց՝ մինչեւ 30%: Թեպետ ասեմ, որ Ծառուկյանի ստվերը դեռ մնում է ԲՀԿ-ի վրա, շատերը խոսում են, որ Ծառուկյանը վարագույրի հետևից շարունակում է թելեր քաշել, թեև չգիտեմ՝ դա իրականություն է, թե ոչ, բայց, բոլոր դեպքերում, ԲՀԿ-ն չի դիտվել որպես խիստ ընդդիմադիր քաղաքական ուժ, դա փաստ է: Նա եղել է իշխանական, իշխանամետ ու ԲՀԿ-ում հենց դրա համար էլ պաշտոններ են ստացել, նրանց էլեկտորատը եղել է իշխանամետ»,- ասաց սոցիոլոգը:
Սոսե Չանդոյան