Չակերտավոր ընդդիմության դիմաց ամեն անգամ ոսկոր են գցում. Տիգրան Կարապետիչը չի տրվի իշխանական սադրանքներին
PoliticsՍահմանադրական փոփոխություններին եւ հանրաքվեին ընդառաջ քաղաքական որոշ ուժեր, ինչպես նաեւ քաղաքացիական նախաձեռնության անդամներ փորձում են, հավաքվելով ընդհանուր գաղափարի շուրջ, ճակատ ստեղծել եւ պայքարել իշխանական հերթական ծուղակի դեմ: Սակայն այս իրադարձությունների ֆոնին բավական պասիվ դիրքերում է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, ով ժամանակին հասցրել է խմել «իշխանությունների թթվի ջուրը»:
Orer.am-ը քաղաքական դաշտում ստեղծված իրարանցման եւ Ժողովրդական կուսակցության չեզոք պահվածքի հետ կապված զրուցեց Տիգրան Կարապետյանի հետ:
-Պարոն Կարապետյան, ինչպե՞ս եք վերաբերվում սպասվելիք սահմանադրական փոփոխություններին:
-Ես նեյտրալ եմ վերաբերվում սահմանադրական փոփոխություններին: Կարծում եմ, որ ներկա վիճակից վատագույնը չկա: Սահմանադրական բարեփոխումներով մենք պետք է ուրախանայինք՝ հույս ունենալով, որ ինչ-որ բան դեպի լավը կգնա, սակայն ես չեմ մտածում, որ որեւէ փոփոխություն կլինի: Ես որեւէ սպասելիք չունեմ:
-Իսկ ինչպե՞ս եք քվեարկելու, եթե գաղտնիք չէ:
-Ես անտարբեր եմ այդ հարցի շուրջ:
-Չե՞ք գնալու ընտրությումների:
-Ո'չ, չեմ գնալու:
-Ինչո՞վ է այդ որոշումը պայմանավորված: Դուք նեղացա՞ծ եք իշխանություններից:
-Ես ոչ մեկից նեղացած չեմ, ընդհանրապես այդ խոսքը չեմ ընդունում: Պարզապես կարծում եմ, որ չակերտավոր ընդդիմության դիմաց ամեն անգամ ոսկոր են գցում` մեկ անգամ էլեկտրաէներգիան, մյուս անգամ սահմանադրական փոփոխությունը:
Այս ամենն անիմաստ է: Եթե իրողությունը վատն է ու անընդունելի, ապա ինչի՞ մասին է խոսքը, այդ իրողությունը կատարողները սահմանադրական բարեփոխումների մեջ պետք է առո՞ղջ կորիզ դնեն:
-Այսօր կան մարդիկ, որոնք «Ո´չ»-ի ճակատ են ձեւավորել եւ փորձում են պայքարել, դուք նրանց աշխատանքին թերահավատորե՞ն եք մոտենում:
-Ես գիտեմ, թե դրանք ինչ ընդդիմադիր ուժեր են, դա պարզապես ֆիկցիա է: Ոչ մի բան էլ չի լինի, սա հերթական շուխուռն է, որը ոչ մի բանի էլ չի հանգեցնելու: Պարույր Հայրիկյանը, չգիտեմ ով… Ես չեմ ընդունում դա: Ես չեմ ուզում անունը դնել՝ իբր պայքարում եմ ոչ թե իշխանությունների դեմ, այլ սահմանադրական բարեփոխումների: Սա բոլորին չի վերաբերվում, կան մարդիկ, օրինակ՝ Ժիրայր Սեֆիլյանը, նրանք անկեղծ են: Ես չեմ սպասում, որ այս ամենի արդյունքում որեւէ մի դրական շարժ կլինի:
-Չեք գնալու ընտրության, որովհետեւ գիտեք, որ դրանք կեղծվելո՞ւ են:
-Ես չեմ գնալու: Եթե գնամ ընտրության, դա կնշանակի, որ ես սպասելիքներ ունեմ դեպի դրականը:
Սոսե Չանդոյան