Շարմազանովը Տեր-Պետրոսյանին պատասխանել է նրա իսկ հայտարարությամբ
PoliticsՀայաստանի իշխանությունները երբեք չեն ակնկալել, որ սահմանադրական բարեփոխումներին բոլորը պետք է կողմ լինեն, և մտահոգված չեն, որ ձևավորվել է բարեփոխումների դեմ պայքարող «ոչ»-ի ճակատ:
ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մենք քաղաքական բազմակարծության կողմնակից ենք և որևէ մտավախություն չունենք, որ կան նաև դեմ արտահայտվողներ: Այս պահին մենք գտնվում ենք գործընթացի վերջին փուլում: Հոկտեմբերի 5-ին սահմանադրական բարեփոխումների նախագիծը պատրաստ կլինի և կդրվի քվեարկության: Դրանից հետո «ոչ»-ի կողմնակիցները կգնան կհամոզեն «ոչ» ասել բարեփոխումներին, իսկ «այո»-ի կողմնակիցները կվերահաստատեն իրենց «այո»-ն: Ինչպես որոշեն Հայաստանի քաղաքացիները, այդպես էլ կլինի»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:
Անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՀ նախկին նախագահը ևս միացել է սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարին՝ Շարմազանովն նկատեց, որ վերջերս ընթերցել է նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածների ընտրանին:
«Աչքովս ընկավ 1995թ. Սահմանադրության հանրաքվեից առաջ նրա հայտարարություններից մեկը, որում նա նշում է, որ անընդունելի է սահմանադրական բարեփոխումները վերածել իշխանափոխության պայքարի, և Հայաստանում իշխանությունը պետք է ձևավորվի միայն ու միայն ընտրությունների միջոցով: Այսինքն` ինչպես նշում է հարգարժան նախկին նախագահ Տեր-Պետրոսյանը, սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն իշխանափոխության հետ կապելը ընդունելի չէ և ծիծաղելի է»,- շեշտեց ԱԺ փոխնախագահը:
Մեկնաբանելով նախկին նախագահի հայտարարությունը, թե սահմանադրական բարեփոխումները խարխլելու են պետության հիմքերը՝ Շարմազանովն ընդգծեց, որ այդ հարցազրույցում Տեր-Պետրոսյանը ընդունել է իր քաղաքական թիմի ֆիասկոն:
«Որովհետև, երբ տարիներ առաջ նախկին նախագահը ձևավորեց ՀԱԿ խմբակցությունը և ցուցակ գրեց, այն 7 հոգանոց խմբակցություն էր: Սակայն այս հարցազրույցի մեջ 7-ից ընդամենը 4-ի անունն էր տալիս, ինչը նշանակում է, որ իր ձևավորած թիմից երեքն արդեն իր հետ չեն կամ չեն կիսում իր կարծիքը: Դա քաղաքական բառապաշարով կոչվում է ֆիասկո»,- եզ րափակեց ԱԺ փոխնախագահը: