Ավելի պարկեշտ կլինի, որ պատգամավորներն առաջարկեն բացել Ադրբեջանի, Թուրքիայի, Միացյալ Նահանգների արխիվները. Գ.Իսագուլյան
PoliticsՍեպտեմբերի 18-ին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ԱԺ ելույթից հետո, որտեղ պատգամավորը կոչ էր անում գնալ Նալբանդյան փողոցում գտնվող ԱԱԾ-ի շենքը քանդել, ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց, որում ասվում էր.
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը միայն հիշեցնում է, որ «տապալում», «շենքերի քանդում» արտահայտությունները և նման բովանդակությամբ կոչերը ՀՀ քրեական օրենսգրքով նկարագրված հանցավոր արարքների բնութագրիչ հատկանիշներից են և այդպիսի գործողություններն ուղղակիորեն առնչվում են օրենսդրությամբ ազգային անվտանգության մարմինների առաջ դրված խնդիրներին: Ուստի ցանկացած նման կոչ, առավել ևս գործողություն կատարելու փորձ կկանխվի ՀՀ ազգային անվտանգության ծառայության տրամադրության տակ եղած բոլոր օրինական միջոցներով»:
ԱԱԾ-ի տարածած հայտարարությունը դարձավ բավականին լայն քննարկման առիթ, իսկ պատգամավորը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինքն ինչ վերաբերմունք ունի ԱԱԾ-ի հայտարարության վերաբերյալ ասել էր, որ չնայած իր կարծիքով այն վտանգավոր է, բայց մյուս կողմից՝ ԱԱԾ-ի հայտարարությունը որակել էր որպես՝ «բացարձակ անլուրջ և շատ վիրավորական»: «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը, անդրադառնալով պատգամավորի այդ արտահայտությանը, Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ ԱԱԾ-ն բավականին լուրջ ծառայություն է և որևէ երկիր առանց նման հատուկ ծառայությունների գոյատևել չի կարող: Ըստ նրա՝ այն, ինչ ասել է Զ. Փոստանջյանը ԱԺ ամբիոնից, միանգամայն անհարիր է պատգամավորի կարգավիճակին: «Սա պետք է միանշանակ ասել՝ անկախ նրանից, թե տվյալ պատգամավորը դիմության դաշտից է, թե ընդդիմության: Այնտեղ, ըստ էության, կոչ է հնչում ոչ միայն գնալ այստեղ-այնտեղ, այլ գնալ Նալբանդյան փողոց, քանդել այդ շենքը: Խոսվում է նաև արխիվների մասին և այլն: Սա անթույլատրելի է»,- ասում է Գ. Իսագուլյանը:
Քաղաքական գործչի կարծիքով՝ երբ խոսք է գնում ազգային անվտանգության ծառայության, նրա գործառույթների և գործունեության մասին, պետք է բավական լուրջ լինել և չպետք է մոռանալ, որ երբ նման կարգի կոչ է արվում և հատկապես խոսվում է արխիվներ բացելու և մարդկանց պատժելու մասին, ապա շատ ավելի պարկեշտ կլինի, որ պատգամավորներն առաջարկեն բացել այլ երկրների ազգային անվտանգության մարմինների արխիվները, օրինակ՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Միացյալ Նահանգների կամ որևէ այլ երկրների: «Որովհետև, այն ինչ տեղի ունեցավ վերջին շաբաթվա ընթացքում, այն հայտնի երիտասարդի ու նրա ընտանիքի հետ, ապա շատ ավելի լավ կլինի, որ մենք այդ խնդիրների մասին մտածենք, ովքեր հանդիսանում են այլ երկրների ծառայությունների գործակալներ, աշխատակիցներ և այլն: Եվ մենք՝ ՀՀ-ի ամեն քաղաքացի, եթե մտածում է իր երկրի անվտանգության մասին, ապա ամենևին տեղին չէ նման արտահայտությունները՝ կապված մեր Անվտանգության ծառայության հետ, հատկապես կոչերը՝ գնալ Նալբանդյան, քանդել շենքը: Եվ ո՞վ է ասում, որ ԱԱԾ-ն իրավունք չունի զգուշացնելու և ես չեմ կարծում, որ դա միայն Զարուհի Փոստանջյանին է վերաբերում»,- ասում է Գ. Իսագուլյանը:
Ա. Գրիգորյան