Քրդական խնդիրը զենքով չի լուծվի. Թուրքիայի ընդդիմության առաջնորդ
International newsԹուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն խստորեն քննադատել է երկրի կառավարությանը` Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) ազատամարտիկների դեմ ռազմական գործողություններ իրագործելու համար եւ հայտարարել, որ քրդական խնդիրը Թուրքիայում զենքի ուժով լուծել հնարավոր չէ:
Ինչպես հաղորդում է DemokratHaber լրատվական կայքը, նոյեմբերի 1-ին Թուրքիայում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված Եվրոպայում շրջագայության ժամանակ Ամստերդամում թուրքական համայնքի հետ հանդիպմանը Քըլըչդարօղլուն հիշեցրել է, որ արդեն 30 տարի է` Թուրքիան չի կարողանում զենքի ուժով լուծել քրդական հարցը եւ չի էլ կարողանալու:
«Գործը հանձնել են զինվորականներին` թե լուծիր: Այդ հարցը զենքով լուծել հնարավոր չէ: Այն պետք է լուծվի հասարակական համաձայնության, ընդհանուր համերաշխության պայմաններում` բանականությամբ եւ խելամտորեն, հավասարության, միասնության եւ եղբայրության մթնոլորտում», -ասել է նա:
Քըլըչդարօղլուն քննադատել է «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) կառավարությանը «քաղականությունը հարստանալու միջոցի վերածելու» համար:
«Հունիսի 1-ի ընտրություններում 13 տարվա ճնշիչ վարչակարգը չկարողացավ միանձնյա իշխանություն ձեւավորել: Հունիսի 7-ին իրականում հաղթեց ժողովրդավարությունը: Սակայն հրաժարվեցին մեզ հետ կոալիցիա ստեղծել: Գերադասեցին 3 ամսյա կառավարություն ստեղծել եւ արտահերթ ընտրությունների գնալ` հույս ունենալով վերականգնել միանձնյա իշխանությունը: Մենք այդ ամենին դեմ ենք: Առաջիկա ընտրություններում ժողովուրդը կա’մ պետք է ազատությունն ընտրի, կա’մ համաձայնվի ԱԶԿ-ի նոր ճնշումների հետ», -ասել է Քըլըչդարօղլուն: