Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս կգան Քիշնեւի փողոցներ՝ բողոքի ցույցի
International newsՄոլդովայի ընդդիմադիր երկու կազմակերպությունների առաջնորդներ՝ Իգոր Դոդոնը (Սոցիալիստական կուսակցություն) եւ Ռենատո Ուսատին («Մեր կուսակցություն») մտադիր են կիրակի տասնյակ հազարավոր մարդկանց դուրս բերել Քիշնեւի փողոցներ՝ բողոքի ցույցի:
Նրանք պահանջում են երկրի ղեկավարության հրաժարականը, ինչպես նաեւ արտահերթ խորհրդարանական եւ նախագահի համընդհանուր ընտրություններ: Դոդոնը եւ Ուսատին քաղաքացիներին կոչ են արել «հանդես գալ ընդդեմ օլիգարխիկ իշխանության»:
Ցուցարարները ժամը 12:00-ին ուղղվելու են Քիշնեւի կենտրոն, իսկ 14:00-ին հավաքվելու են խորհրդարանի շենքի առջեւ, որտեղ հինգշաբթիից վրանային ավան է ստեղծվել: Գործիչների խոսքով, ընդհանուր առմամբ, բողոքի ակցիաներին ավելի քան 50 հազար մարդ է մասնակցելու:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, ավելի վաղ կուսակցությունների ղեկավարները նշել են, որ ցուցարարների հիմնական պահանջը լինելու է երկրի նախագահ Նիկոլայ Տիմոֆտիի հրաժարականը, որի լիազորությունների ժամկետը լրանում է 2016 թվականի մարտին: Շաբաթ երեկոյան վրանային ավանում ցույցի ժամանակ Դոդոնը հայտարարել էր, որ ընդդիմությունը մտադիր չէ փոխզիջման գնալ իշխանությունների հետ: