Սան Պաուլուի ֆուտբոլի մարզադաշտում 400 աղքատ զույգ է ամուսնացել
International newsԲրազիլիայի Սան Պաուլու քաղաքի ֆուտբոլի մարզադաշտում տեղի է ունեցել 400 աղքատ զույգերի հարսանիքը, հաղորդում է «Նորությունների ռուսական ծառայությունը»։
Կազմակերպիչների խոսքով, ամուսնացել են զույգեր, որոնք երկար ժամանակ միասին են ապրում, ունեն երեխաներ, անգամ թոռներ։ Զանգվածային հարսանիքը Բրազիլիայում տեղի է ունենում արդեն 9-րդ տարին անընդմեջ։
Մասնակցության գլխավոր պայմանն այն է, որ զույգի ամսական եկամուտը չպետք է անցնի հազար դոլարից։ Արարողությանը մասնակցությունն անվճար է, իսկ ավարտին յուրաքանչյուր զույգ պաշտոնական ամուսնության վկայական է ստանում։
Աղքատների զանգվածային հարսանիքը տեղի է ունենում Բրազիլիայի տարբեր քաղաքներում։ Նախորդ տարի Ռիո դե Ժանեյրոյում կայացել է ամենազանգվածային հարսանիքը, որին մասնակցել է մոտ 2 հազար աղքատ զույգ։ Ընդհանուր առմամբ, արարողությանը ներկա է եղել 12 հազար մարդ։