Ռուսաստանին ձեռնտու չէ պատերազմ հրահրել Կովկասում, դա շահավետ է ԱՄՆ-ին. քաղաքագետ
PoliticsՈ՞ր պետությանն է ավելի ձեռնտու, որպեսզի հայ-ադրբեջանական սահմանային վիճակը լարված մնա, ովքե՞ր են հովանավորում ադրբեջանական իշխանություններին եւ ինչ նպատակով: Այս եւ այլ հարցերի շուրջ Orer.am-ը զրույց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի հետ, ով անդրադառնալով օրերս ակտիվ կերպով տարածվող այն տեղեկություններին, թե ադրբեջանական կողմին թեւ ու թիկունք է կանգնում Ռուսաստանը, նշեց, որ նման տեղեկատվության տարածումը հատուկ հրահանգ է՝ իջեցված Ռուսաստանի դեմ:
«Ադրբեջանի իշխանությունները ամերիկյան հրահանգ են կատարում եւ դա արդեն մոտ մեկուկես տարի է: Նրանք անընդհատ հասկացնում են, որ սահմանը պետք է լարված պահեն»,- կարծում է նա: Ըստ քաղաքագետի՝ Ռուսաստանին խոշոր հաշվով ձեռնտու չէ, որ Կովկասում ռազմական գործողություններ ծավալվեն:
«Ռուսաստանին Կովկասում ոչ մի պատերազմ էլ պետք չէ, դա պետք է միայն ԱՄՆ-ին, որպեսզի տապալի Ռուսաստանի ու Իրանի ջանքերը Սիրիայում եւ Իրաքում»,- ասում է նա:
Թե արդյո՞ք ԱՄՆ-ին կհաջողվի հասնել իր նպատակին՝ Ադրբեջանին օգտագործելով որպես գործիք ու պատերազմ հրահրել Կովկասում, Սերգեյ Շաքարյանց պատասխանեց. «Արդյունքը կախված է նրանից, թե ինչ հարաբերությունների մեջ են Ադրբեջանի իշխանություններն ԱՄՆ-ի հետ: Հարկավոր է հաշվի առնել նաեւ այն փաստը, որ Էրդողանը դատարկ ձեռքով է վերադարձել Ռուսաստանից:
Այսքանից հետո բնական է, որ զարգացումները հենց այսպիսին պետք է լինեին: Ամեն ինչ շատ տրամաբանական է»,- նշեց քաղաքագետը՝ կարեւորելով նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արվող հայտարարությունները:
«Եթե Սերժ Սարգսյանը հայտարարի, որ սահմանագծում իրականացվող գործողությունները պատերազմ են, ապա դա միանգամից այլ հարթության մեջ կքննարկվի: Կմիանան ՀԱՊԿ-ի մեխանիզմները` քաղաքական, դիվանագիտական, ռազմակտեխնիկական եւ այլ ոլորտներում, քանի Սերժ Սարգսյանը չի հայտարարում, որ դա պատերազմ է, ապա կհնչեն այն հայտարարությունները, որոնք մինչ օրս են հնչել համանախագահների կողմից»,- ասաց քաղաքագետը:
Սոսե Չանդոյան