Իրանի խորհրդարանը կքննարկի միջուկային համաձայնագրի վերաբերյալ զեկույցը
International newsԻրանի խորհրդարանը սեպտեմբերի 30-ին կծանոթանա միջուկային համաձայնագրի ուսումնասիրման հանձնաժողովի զեկույցին եւ դրա քննարկումից հետո կորոշի այս հարցի շուրջ քվեարկության ամսաթիվը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, Sputnik գործակալությանը հայտնել Է հանձնաժողովի անդամ Ալի Մանսուրի Արանին:
Իրանի խորհրդարանը հուլիսի 21-ի նիստի արդյունքում 19 մարդուց բաղկացած հանձնաժողով Է կազմել միջուկային ծրագրի մասին համաձայնագրի տեքստն ուսումնասիրելու համար: Ստացված նյութերի հիման վրա խորհրդարանականները մտադիր են հանրագումարային որոշում ընդունել ավելի վաղ «վեցյակի» հետ ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ:
Արանիի խոսքով՝ սկզբում պլանավորվում Էր զեկույցը խորհրդարանի քննարկմանը ներկայացնել սեպտեմբերի 29-ին, սակայն աշխատանքի արդյունքները չհաջողվեց ժամանակին հավաքել. հանձնաժողովի առանձին ստորաբաժանումներ, այդ թվում՝ հարցի տնտեսական եւ տեխնիկական կողմով զբաղվողները, չեն հասցրել հանձնել անհրաժեշտ նյութերը:
«Այսօր հանձնաժողովը հավաքվելու Է, որպեսզի քննարկի մնացած նյութերը եւ դրանք ի մի բերի, իսկ այնուհետեւ ընդհանուր փաստաթուղթը կհանձնի խորհրդարանի անդամների քննարկմանը: Դրանից հետո խորհրդարանը կնշանակի միջուկային համաձայնագրի շուրջ եզրափակիչ քվեարկության ամսաթիվը»,-ասել Է գործակալության զրուցակիցը:
Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել Թեհրանի միջուկային ծրագրի հետ կապված բազմամյա խնդրի կարգավորման շուրջ: Բարդագույն բանակցություններն ավարտվել են գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ, որի կատարումը կբերի Իրանի նկատմամբ գործող տնտեսական ու ֆինանսական այն պատժամիջոցների չեղարկման, որոնք ավելի վաղ սահմանվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: