Եգիպտոսի գանձերի մեկ երրորդը հեղաշրջումների ընթացքում անօրինականորեն դուրս են տարել երկրից
International newsՀին Եգիպտոսի գանձերի մեկ երրորդը երկրից անօրինականորեն դուրս Է տարվել վերջերս տեղի ունեցած պետական հեղաշրջումների եւ ապստամբությունների ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրես-ը, Sputnik գործակալությանը հայտնել Է Եգիպտոսի հայտնի հնագետ եւ հնությունների նախկին նախարար Զահի Հավասը:
Եգիպտոսի թանգարաններից հազարավոր պատմական օբյեկտներ եւ մշակութային ժառանգության օբյեկտներ են հափշտակվել 2011 եւ 2013 թվականներին տեղի ունեցած երկու հեղաշրջումներից հետո, որոնց ընթացքում պաշտոնազրկվեցին նախագահներ Հոսնի Մուբարաքը եւ Մուհամեդ Մուրսին:
Հավասի խոսքով, որը Մուբարաքի օրոք գլխավորում Էր հնությունների նախարարությունը, 2010 եւ 2012 թվականներին արբանյակներից արված լուսանկարների համեմատությունը ցույց Է տալիս, որ ամբողջ երկրով մեկ իրականացվում են անօրինական պեղումներ:
«Մարդիկ անօրինական պեղումներ են սկսել պատմական արժեքներ գտնելու նպատակով, եւ ես համոզված եմ, որ Եգիպտոսի պատմական օբյեկտների մեկ երրորդը դուրս Է տարվել երկրի սահմաններից»,-հայտարարել Է Հավասը:
Հնագետը նաեւ հայտնել Է, որ Կահիրեի թանգարանից կորել Է 54 պատմական օբյեկտ, այդ թվում՝ 17 ոչ մեծ արձան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: