Հոմսի մոտ սիրիական բանակի հարձակման ընթացքում «Նուսրայի» հարյուրից ավելի զինյալներ են սպանվել
International newsՍիրիայի բանակը հատուկ գործողություն է անցկացրել Հոմս քաղաքից հյուսիս-արեւմուտք ընկած երեք շրջաններում եւ ոչնչացրել «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման երեք դաշտային հրամանատարների եւ 107 զինյալների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է զինվորական մի աղբյուր:
Հոմսը գրեթե մեկ տարի գտնվում է սիրիական բանակի լիակատար հսկողության ներքո: Ահաբեկիչների ձեռքին են մնում քաղաքից հյուսիս ընկած մի քանի շրջաններ, ներառյալ Վաար շրջանը, որտեղ, զինվորականների տվյալներով, դիրքավորվել են շուրջ 5 հազար զինյալներ:
«Բանակը մարտական գործողություն է անցկացրել Հոմսի մերձակա՝ Թալբիսի, Ռաստեն բնակավայրերում: Դրան նախորդել են հրետանային հարվածները զինյալների հիմնական դիրքերին, ինչի հետեւանքով սպանվել են 110 ահաբեկիչներ: Մեր տվյալներով՝ նրանցից երեքը «Նուսրայի» դաշտային հրամանատարներ են»,- պատմել է գործակալության զրուցակիցը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: