Ո՞րն էր Ուկրաինայի` Ռուսաստանի համար օդային տարածքը փակելու հիմնական պատճառը
PoliticsՎերջերս Ուկրաինայի իշխանությունը որոշեց փակել է իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար: Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտնել էր, որ իրենք ռուսական օդանավերին թույլ չեն տա իրենց օդային տարածքով Սիրիա մարդասիրական օգնություն տեղափոխել։ Ռուսաստանի պատասխան քայլն իհարկե չուշացավ: Որպես հակահարված՝ Ռուսաստանը հայտարարեց, որ այսուհետ արգելվում են ուկրաինական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել ՌԴ օդային սահմանով:
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կարծում է, որ Ռուսաստանի նման որոշումը բավական ադեկվատ է, քանի որ Ուկրաինան առաջինը դիմեց նման քայլի եւ ստացավ համարժեք պատասխան: «Սկզբից Ուկրաինան փակեց ռուսական մոտ քսան ավիաընկերությունների համար իր օդային տարածքը, սակայն նման քայլի գնալուց առաջ ուկրաինական իշխանությունը նախեւառաջ պետք է մտածեր, քանի որ այս հարցում խոշոր հաշվով ամենաշատը տուժում է հենց ինքը՝ Ուկրաինան: Նման պետությունների հետ կատակ չեն անում»,- ասաց Սերգեյ Շաքարյանցը հավելելով, թե դա ուկրաինական իշխանության հերթական՝ սխալ հաշվարկած քայլն էր, քանի որ նման քայլերն արդյունքներ չեն տալու, «հատկապես այն արդյունքները, որոնց սպասում է Ուկրաինան»:
Ըստ քաղաքագետի՝ օդային տարածքը փակելով՝ Ուկրաինան փորձել է Ռուսաստանին տնտեսական հարված հասցնել, որը, սակայն, ավելի մեծ վնաս կհասցնի հենց Ուկրաինային: Սերգեյ Շաքարյանցը նկատեց, որ եթե Ուկրաինան նման քայլերով ուզում է խզել կապերը Ռուսաստանի հետ, ապա խոշոր հաշվով հենց Ուկրաինային վերաբերող հարցերն այսուհետ ՌԴ-ն կքննարկի ԱՄՆ-ի հետ: «Սա ավելի շատ անխելքություն կարելի է որակել, քանի որ այստեղ որեւէ հաշվարկած քայլ չկա: Վերջին հաշվով, եթե Ուկրաինան փորձում է խզել կապերը՝ չցանկանալով բանակցել Ռուսաստանի հետ, ապա տվյալ պետության ճակատագրի շուրջ ստիպված Ռուսաստանը կբանակցի ԱՄՆ-ի հետ»,- ասաց նա:
Սոսե Չանդոյան