Գաբրիել Ղազարյանն ընդունել է ֆրանսահայ հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆին
SportՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է ֆրանսահայ հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆին, որը՝ որպես պատվավոր հյուր, Հայաստանում է հոկտեմբերի 3-ին անցկացվելիք Երևանյան կիսամարաթոնին մասնակցելու նպատակով:
Արմենպրես-ի հաղորդմամբ` Ջորկաեֆին ուղեկցել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը: Ընդունելությանը մասնակցել են նաև կիսամարաթոնի կազմկոմիտեի անդամները՝ ներկայացուցիչներ Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայից, տարբեր երկրների աթլետիկայի ֆեդերացիաների նախագահներ և փոխնախագահներ: Նախարարը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել Երևանում անցկացվելիք առաջին կիսամարաթոնի կազմակերպչական աշխատանքներին մասնակցելու, միջոցառումը հավուր պատշաճի անցկացնելու համար:
«Վստահ եմ` կիսամարաթոնի անցկացումը կծառայի իր նպատակին, այն է՝ սպորտի մասսայականացմանը և տարածմանը: Եվ սա վերաբերում է ոչ միայն աթլետիկային և վազքին: Կիսամարաթոնի բոլոր մասնակիցներն իրենց օրինակով ցույց են տալու սպորտի համախմբող և միավորող ուժը: Շատ քիչ միջոցառումների ժամանակ է հնարավոր տեսնել միաժամանակ նույն գործընթացով զբաղված 4600 մարդու: Հոկտեմբերի 3-ին մենք բոլորս ականատես ենք լինելու հենց նմանատիպ մեծ իրադարձության»,- ասել է նախարարը:
Յուրի Ջորկաեֆը, շնորհակալություն հայտնելով նախարարին ջերմ ընդունելության համար, նշել է, որ ինքը մեծ ոգևորությամբ է ընդունել Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահի՝ երևանյան կիսամարաթոնին մասնակցելու հրավերը: Նա նաև ասել է, որ միշտ առանձնահատուկ զգացումներով է ժամանում Հայաստան, որտեղ օրեցօր տեսանելի փոփոխություններն իրեն մշտապես հպարտանալու առիթ են տալիս: Հանդիպման վերջում նախարարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ներկաներին կազմակերպչական աշխատանքներին ակտիվ մասնակցելու և բարձր պրոֆեսիոնալ մոտեցման համար և հույս հ այտնել, որ հաջորդ անգամ մասնակիցներն արդեն կվազեն լրիվ մարաթոնյան վազքի 42 կմ 195 մետրը: