Թուրքիայի քրդական կուսակցությունը Ցեղասպանությունները ճանաչելու խոստում է տվել
International newsԹուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ) արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ նախընտրական քարոզարշավի շրջանակում խոստացել է ընտրվելու դեպքում ճանաչել Ցեղասպանությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Haber7 լրատվականը, այս մասին Անկարայի «Հիլթոն» հյուրանոցում կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի հետ համատեղ հանդիպմանը ներկաներին հայտնել է ԺԴԿ համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը:
«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը համապատասխան աշխատանքներ կտանի պատմության ընթացքում տարբեր ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանությունների և կոտորածների դիմաց պետության անունից ներողություն խնդրելու համար»,- ասել է Յուքսեքդաղը, ինչին ի պատասխան սրահում բոլորը սկսել են ծափահարել:
Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին` նա նշել է. «Հայաստանի նկատմամբ իրականացվող տնտեսական էմբարգոն վերացնելով` կզարգացնենք անհրաժեշտ տնտեսական, քաղաքական և դիվանագիտական հարաբերություններն ու հայ ժողովրդի հետ բարեկամության կամուրջներ կհաստատենք»:
Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախատեսված են նոյեմբերի 1-ին: