Ադրբեջանի տնտեսական աճը նվազում է
International newsԱդրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտարարել է, որ ընթացիկ տարվա վերջին Ադրբեջանում իրական տնտեսական աճը կկազմի 3,3 տոկոս, ինչը նշանակում է, որ իրական տնտեսական աճը 1,1 տոկոսով ցածր կլինի կանխատեսվածից:
Այս մասին հայտնում է report.az լրատվական կայքը:
Ադրբեջանցի գլխավոր ֆինանսիստի խոսքով` Ադրբեջանում ՀՆԱ-ի աճի տեմպի նվազումը կշարունակվի մինչեւ 2019 թվականը:
Ադրբեջանում 2015 թվականին իրական տնտեսական աճը կանխատեսվում էր 4,4 տոկոս մակարդակի, սակայն, նավթի համաշխարհային գնանկման շարունակումը չարդարացրեց այդ կանխատեսումը:
Նավթի գնանկումից այս տարի Ադրբեջանը 6,7 մլրդ դոլար է կորցրել: Ադրբեջանի բյուջեն դեֆիցիտային է դարձել. եկող տարվա համար նախատեսված 14,5 մլրդ մանաթ բյուջեն մոտ 2 անգամ փոքր է այս տարվա պետբյուջեի չափից:
Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ. փակվել են նավթաարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, պետական եւ մասնավոր հաստատություններ, հազարավոր աշխատավորներ գործազուրկ են դարձել:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:
Դեռեւս 2015 թվականի մայիսին Moody`s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը Ադրբեջանում մանաթի արժեզրկում եւ տնտեսության աճի տեմպի նվազում կանխատեսել էր այս տարվա երկրորդ կեսին` կասկած հայտնելով Ադրբեջանի բանկային համակարգի կայունության եւ բանկերի կողմից արժեթղթերի ու ավանդների սպասարկման վերաբերյալ:
Իր հերթին Standart & Poor`s միջազգային վարկանիշային գործակալությունը Ադրբեջանի բանկային համակարգին ռիսկի առավելագույն աստիճան է վերագրել, եւ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի կողմից 2 մլրդ կորստի ֆոնին հիմնադրամի վարկանիշի կանխատեսումը նվազեցրել է մինչեւ «նեգատիվ»:
Միջազգային փորձագետները նշում են, որ նավթի էժանացումը լրջորեն նվազեցրել է Ադրբեջանի ֆինանսական հնարավորությունները: Փորձագետների կարծիքով` 2015 թվականին Ադրբեջանում պետք չէ սպասել 1.9 տոկոսից ավելի տնտեսական աճ: 2014 թվականին Ադրբեջանի կենտրոնական բանկի արտարժույթի պահուստները նվազել էին 2,78 տոկոսով: