Քիշնևում ցուցարարները գիշերը փակել են կենտրոնական մայրուղին. վարչապետը կոչ է արել գործել օրենքի սահմաններում
International newsՄոլդովայում ձախակենտրոն ընդդիմության աջակիցներն այս գիշեր փակել են Քիշնևի կենտրոնական մայրուղին՝ երթևեկելի հատվածում ևս մեկ վրանային ճամբար տեղադրելով, գրում է РИА Новости-ն։
Բողոքի ակցիայի վայր է ժամանել հատուկ նշանակության ջոկատը, սակայն նրանք չեն կարողացել հեռացնել վրանները: Նոր ճամբարը շրջափակել են Սոցիալիստների կուսակցությունից պատգամավորները և «Մեր կուսակցության» ներկայացուցիչները։
«Մենք անցել ենք պլան Բ-ին, փակել ենք կենտրոնական մայրուղին: Հետո՝ ավելի… »,- գրել է Սոցիալիստների կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնը Facebook-ի իր էջում։
Անցած կիրակի օրն ընդդիմությունը երկրի ղեկավար Նիկոլայ Տիմոֆտիին վերջնագիր է ներկայացրել՝ հրաժարական տալ մինչև ուրբաթ օրը։
Միևնույն ժամանակ, gazeta.ru-ի փոխանցմամբ, Մոլդովայի վարչապետ Վալերի Ստրելեցը, մեկնաբանելով խորհրդարանի շենքի մոտ վրանային ճամբարի տեղադրումը, հայտարարել է, որ «բողոքի ակցիա կարելի է անցկացնել, բայց միայն օրենքի շրջանակում»։
«Երթևեկելի հատվածը բողոքի ցույցերի համար տեղ չէ։ Սոցիալիստների կուսակցության պատգամավորները, օգտվելով անձեռնմխելիությունից, քողարկում են ցուցարարների գործողությունը, ովքեր վրաններ են տեղադրել։ Նրանց հակաօրինական գործողությունները կարող էին կանգնեցնել, բայց ոստիկանությունը դատախազության հետ միասին ապացուցեց ժողովրդավարական վերաբերմունքը»,- ասել է նա։