Սահմանին թույլ արտահայտված պատերազմ է ընթանում. Նախագահի ելույթը Քարնեգի հիմնադրամում
PoliticsPanorama.am-ը դիմել է «Քարնեգի» հիմնադրամին և ՀՀ նախագահի աշխատակազմին՝ խնդրելով տրամադրել հանդիպման ձայնագրությունը և թույլատրել դրա սղագրության հրապարակումը: Շնորհակալ ենք բոլոր պատասխանատուներին ընթերցողի ցանկությունը ու մեր խնդրանքը հարգելու և փակ ձևաչափով քննարկումն, ի վերջո, հանրությանը հասանելի դարձնելու իրենց որոշման համար: Ստորեւ ներկայացնում ենք ելույթի տեքստն ամբողջությամբ։
«Մեծարգո պարո՛ն Բըրնս,
Հարգարժա՛ն ներկաներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ինձ համար մեծ պատիվ է լինել այս հեղինակավոր ու ավանդույթներով հարուստ կառույցի՝ Քարնեգի հիմնադրամի հյուրը։ Ուրախ եմ, որ առիթ ունեմ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ու միջազգային հարաբերությունների արդի խնդիրների շուրջ իմ մոտեցումներն ու մտահոգությունները կիսելու ակադեմիական այս լսարանի հետ՝ բաց ու անաչառ քննարկումների ակնկալիքով:
Նախորդ հարյուր տարիների մեծագույն ողբերգությունները` ավերիչ պատերազմները, ցեղասպանությունները, ծայրահեղականության և ահաբեկչության աննախադեպ աճը, ազգային և կրոնական ատելության վրա հիմնված բռնությունները գալիս են փաստելու, որ առանց խաղաղության ձգտման աշխարհը ինքնակործանման ճանապարհով կընթանա։ Խաղաղությունը հակասությունների բացակայությունը չէ, ինչն, անշուշտ, անհնար է։ Խաղաղությունն այդ հակասությունները խաղաղ ճանապարհով լուծելու կամքն ու կարողությունն է։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը առաջ է ընթանում հենց այս համոզումով։
Հարգելի՛ ներկաներ,
Հաճախ Հարավային Կովկասը դիտվում է որպես աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմ: Մյուս կողմից՝ տարածաշրջանում տարբեր դերակատարների շահերի առկայությունը կարելի է դիտել որպես հնարավորություն: Հայաստանն իր անկախության ակունքներից ի վեր որևէ պետության կամ կառույցի հետ հարաբերվելիս առաջնորդվել է ոչ թե «ընդդեմ»ի, այլ «հանուն»ի գաղափարախոսությամբ։ Այսպես, լինելով ՀԱՊԿի հիմնադիր անդամ, որի նախագահությունը ստանձնել ենք օրեր առաջ, մենք երկարամյա արդյունավետ համագործակցություն ենք ծավալել ՆԱՏՕի հետ, որի ակնառու վկայությունը բանակաշինության ոլորտում դաշինքի փորձի յուրացումն է, տարբեր խաղաղապահ գործողություններում Հայաստանի գործուն մասնակցությունը: Դառնալով ԵՏՄ անդամ՝ մենք նոր թափ են հաղորդել ՀայաստանԵՄ քաղաքական և տնտեսական մերձեցմանը՝ վերահաստատելով մեր այն թեզը, որ Եվրամիության և եվրասիական գործընկերների հետ հարաբերությունների համադրումը լիովին հնարավոր է: Ի դեպ, վերջին ժամանակներում այս գաղափարը սկսել է նյութականանալ ու հաճախ հնչեցվել մեր եվրոպացի գործընկերների կողմից: Ռուսաստանի հետ ունենալով շարունակաբար ամրապնդվող ռազմավարական համագործակ ցություն՝ մենք գերազանց հարաբերություններ ունենք Արևմտյան գրեթե բոլոր երկրների հետ։ Եվ վերջապես, լինելով աշխարհում առաջին քրիստոնյա պետությունը, մենք պատմական ու միջպետական սերտ կապեր ունենք բազմաթիվ մահմեդական երկրների հետ։
Շարունակությունը ՝ այստեղ