Հայաստանն ու սփյուռքը պետք է ներգրավվեն Հռոմի պապին Նոբելյան մրցանակի առաջադրելու գործում. Պատգամավոր
Politicstert.am-ը գրում է.
Հայկական սփյուռքը, բոլոր հայկական ինստիտուտները, կառույցները Հայաստան պետությունից սկսած պիտի ներգրավվեն Հռոմի պապ Ֆրանցիսկոսին 2016թ.-ի Նոբելյան խաղաղության մրցանակին առաջադրելու գործում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանի կողմից շրջանառության մեջ դրված գաղափարին:
«Ըստ իս, Հռոմի պապն արեց այն, ինչ ամբողջապես բխում էր մեր շահերից, և ոչ միայն, որովհետև հետևելով իր օրինակին՝ շատ պետություններ, կառույցներ իրականացրին Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը»,- նշեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ Հարութ Սասունյանը տեղեկացրել էր, որ Կանադայի խորհրդարանի նախկին պատգամավոր Սարգիս Ասատրյանի խնդրանքով խորհրդարանական Ջուդի Սգրոն Ֆրանցիսկոս պապին առաջադրել էր 2016 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի համար: Իսկ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ, ով ոչ միայն համաձայնել է առաջադրել Պապի թեկնածությունը, այլև դիմել է Ներկայացուցիչների պալատի մյուս անդամների աջակցությանը՝ շրջանառության մեջ դնելով այս մասին Նոբելյան հանձնաժողովին ուղղված նամակը:
«Ես կարծում եմ, որ այստեղ մեծ դերակատարում կարող է ունենալ Ազգային ժողովը, մասնավորապես արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, որն օրինակ կարող է նախաձեռնել առաջադրումը, ինչո՞ւ ոչ, ողջ Հայաստանի անունից»,-ավելացրեց պատգամավորը:
Այս համատեքստում Թևան Պողոսյանը հիշեցրեց, որ չկա դատապարտում և ճանաչում, որովհետև նման հանցագործությունը միշտ կարող է կրկնվել:
«Եվ Հռոմի պապի այն քայլը, որ ինքն արեց, դիմեց և ուղղորդեց, իսկապես նպաստում է աշխարհին խաղաղություն բերելուն, որ նմանատիպ ոճրագործություններ մարդկության դեմ այլևս չկրկնվեն»,- ասաց նա:
Ըստ պատգամավորի՝ Հայաստանն ամեն տարի պետք է օժանդակի, աջակցի բոլոր այն մարդկանց, ովքեր նպաստել են Հայոց ցեղասպանությունը վերապրածներին գտնելու և նրանց ապաստան տալու, Ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչելու և դատապարտելու գործերում: