Հանրաքվեն կանցկացվի նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից ոչ շուտ, քան 45 և ոչ ուշ, քան 60 օր հետո
PoliticsՀայաստանի Հանրապետության «Հանրաքվեի մասին» օրենքի համաձայն` Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու նախագծի հանրաքվեն նշանակում է հանրապետության նախագահը:
Օրենքի համաձայն` հանրաքվեն պետք է անցկացվի հանրաքվե անցկացնելու մասին նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակման օրվանից ոչ շուտ, քան 45 և ոչ ուշ, քան 60 օր հետո: Ազգային ժողովի կողմից ընդունված սահմանադրական բարեփոխումների նախագիծը կուղարկվի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին:
Այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ ՀՀ նախագահը հանրաքվեի մասին կհայտարարի մոտ օրերս:
«Մոտակա օրերս նախագահը հանրաքվեի օրը կհայտարարի, քանի որ դա այդքան երկար գործընթաց չէ: Միգուցե, նա ևս մեկ անգամ կխորհրդակցի քաղաքական ուժերի հետ և կհայտարարի, թե երբ կլինի հանրաքվեն»,- ասաց Բաղդասարյանը:
Նրա կարծիքով՝ նախագահը սահմանադրական բարեփոխումների նախագիծը հետ չի ուղարկի Ազգային ժողով, քանի որ նախագծի վերջնական տեքստն արդեն ներկայացված է եղել նախագահ ին և քվեարկության է դրվել նրա հավանությանն արժանացած տարբերակը:
Համաժողովրդական քննարկումներ կազմակերպելու նպատակով հանրաքվեի դրվող նախագիծը հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում», պետական մարմինների հիմնած զանգվածային լրատվության միջոցներով՝ ի լուր բոլորի, հանրաքվեի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 40 օր առաջ: