Ջեյմի Կարագեր. Կլոպը պետք է դառնա «Լիվերպուլի» նոր մարզիչը
Sport«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը վստահ է, որ գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսին աշխատանքից ազատելուց հետո նրան պետք է փոխարինի Յուրգեն Կլոպը։
-«Լիվերպուլի» նոր գլխավոր մարզիչը Յուրգեն Կլոպը պիտի դառնա։ Այո, Անչելոտին ֆանտաստիկ մարզիչ է, սակայն այդ աշխատանքը պետք է տրվի մարդու, ով հսկայական էներգիա ունի և ինչ-որ բան ապացուցելու ցանկություն։
Կլոպն ուզում է ցույց տալ աշխարհին, որ կարող է կրկնել այն հաջողությունը, որն ունեցավ «Բորուսսիայում», երբ նրանք հաղթեցին «Բավարիային» առաջնությունում, իսկ «Ռեալին»՝ Եվրոպայում։ Այս պահին «Լիվերպուլը» թոփ-ակումբ չէ, բայց ձգտում ունի այդ դիրքին վերադառնալու։ Կլոպն ունի էներգիա ու ցանկություն, որ ընդունի այդ մարտահրավերը։
Դա իսկական շրջադարձ կլիներ։ Կարծում եմ՝ ակումբի ղեկավարությունը մտածել է, որ չի ցանկանում պայքարել «Չելսիի» դեմ, որը կղեկավարի իրենց կողմից ընտրված մարդը։ Սեփականատերերը պետք է ճիշտ որոշում ընդունեն։ Մենք տեսել ենք Կոմոլիի, Դալգլիշի նշանակումները, տրանսֆերային հանձնաժողովի կազմումն ու Ռոջերսի ննշանակումը։ Այդ քայլերը չի կարելի հաջող համարել։ Ճիշտ որոշում կայացնելու ժամանակն է,-գրել է Կարագերը «Daily Mail»-ի իր սյունակում։