ԵԽԽՎ նիստերի դահլիճում չէր կարող լինել մասսայական հալյուցինացիա. Նաիրա Կարապետյան
PoliticsԱյսօր ԱԺ-ում տեղի ունեցավ մամուլի ասուլիսի ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ: Ինչպես իր խոսքում նշեց պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալյանը, հայկական պատվիրակությունը բավական լավ է աշխատել, միասնական` հզոր հարվածներ հասցնելով ադրբեջանական պատվիրակությանը: Խոսելով բրիտանացի պատվիրակ Ռոբերտ Ուոլթերի աղմկահարույց զեկույցի մասին, որը վերնագիրն էր «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճը», Հերմինե Նաղդալյանը նշեց, որ հայկական պատվիրակությունը պատշաճ պատասխան է տվել զեկուցողին: Ինչպես նշեց Հ. Նաղդալյանը, ընդհանուր առմամբ ԵԽԽՎ-ում աշխատելն ու ներկայացված պատվիրակության անդամների հետ ընդհանուր եզրեր գտնելն այնքան էլ հեշտ չէ:
«Հավատացնում եմ, մենք այնտեղ հենց այնպես անգամ սուրճ չենք խմում մյուս երկրների պատվիրակության անդամների հետ: Ամեն սուրճի սեղանի շուրջ փորձում ենք լուծել մեզ հուզող հարցերը»,- ասաց նա:
Orer.am-ի այն հարցին, թե ինչ է իրականում տեղի ունեցել հայկական պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանի ելույթից հետո, արդյոք ադրբեջանական պատվիրակության անդամ Հուսեյնովը ծափահարել է նրա ելույթը, թե, ինչպես նշում է Լ. Զուրաբյանը, նման լուրերի տարածումը հատուկ հրահանգ է իշխանության կողմից՝ ուղղորդված իր դեմ, Հ. Նաղդալյանը պատասխանեց, թե չի ցանկանում խոսել այդ մասին: «Այնտեղ ավելի կարեւոր իրադարձություններ են տեղի ունեցել»,- ասաց նա:
Հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանն էլ Orer.am-ի հետ զրույցի ժամանակ ասաց, որ «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերի դահլիճում չէր կարող լինել մասսայական հալյուցինացիա եւ բոլորիս թվար, որ Հուսեյնովը ծափահարում է»: «Ամեն դեպքում, ես լսել եմ Հուսեյնովի ծափերը»,- ասաց նա:
Սոսե Չանդոյան