Ադրբեջանի կենտրոնական բանկի արտարժույթի 50 տոկոսը ծախսվել է
International newsՆավթի համաշխարհային գների անկման հետեւանքով ազգային արժույթի փոխարժեքի նվազումը կանխելու նպատակով Ադրբեջանի կենտրոնական բանկը շարունակում է ծախսել իր արտարժույթի պահուստը եւ արդյունքում, վերջին 9 ամիսների ընթացքում, մանաթի փոխարժեքի արժեզրկումը կասեցնելու համար արդեն ծախսվել է արտարժույթի պահուստի 50 տոկոսը:
Այս մասին հայտնում է sputnik-Azerbaijan լրատվական կայքը` հղում կատարելով ԿԲ-ի պաշտոնական կայքին:
Կայքը հայտնում է, որ եթե 2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, Ադրբեջանի ԿԲ-ի արտարժույթի պահուստը կազմում էր 13 մլրդ 758 մլն դոլար, ապա, 2015 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ, այն արդեն 6 մլրդ 714 մլն դոլարով նվազել է եւ կազմել է 7 մլրդ 44 մլն դոլար:
Ադրբեջանի ԿԲ-ն հայտնել է, որ մանաթի փոխաժեքը կայուն պահելու համար միայն այս տարվա սեպտեմբերին ԿԲ-ն իր արտարժույթի պահուստից 271,2 մլն դոլար է ծախսել: Իսկ օգոստոսին Ադրբեջանի ԿԲ-ն, մանաթի արժեզրկման մեծ ռիսկի պատճառով, ծախսել էր 1 մլրդ 186 մլն դոլար:
Ադրբեջանի ԿԲ-ի արտարժույթի պահուստի նվազումը կապվում է համաշխարհային շուկայում նավթի գնանկման եւ դրա արդյունքում մանաթի արժեզրկման հետ: Ադրբեջանի ԿԲ-ն, մանաթի փոխարժեքը պահպանելու նպատակով ամեն տարի շուկա որոշակի քանակով ֆինանսական միջոցներ ներարկելով, աշխատում է պահպանել մանաթի կայունությունը:
Սակայն, ինչպես Համաշխարհային բանկի, այնպես էլ ադրբեջանցի բազմաթիվ փորձագետներ բազմիցս հայտնել են, որ մանաթի փոխարժեքն արհեստականորեն պահպանելու Ադրբեջանի ԿԲ-ի ջանքերն անիմաստ են, քանի որ 2015 թվականի փետրվարյան 34,5 տոկոսով արժեզրկումից հետո մոտ ժամանակում մանաթի նոր արժեզրկում է կանխատեսվում:
Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ. փակվել են նավթաարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, պետական եւ մասնավոր հաստատություներ, հազարավոր աշխատավորներ գործազուրկ են դարձել, Ադրբեջանի տնտեսական աճն օրեցօր նվազում է: Միջազգային վարկանիշային գործակալությունների համաձայն` ադրբեջանական բանկերը կանգնած են ռիսկի սահմանին. այս տարվա ընթացքում Ադրբեջանն արդեն 6,7 մլրդ դոլար է կորցրել, Ադրբեջանի բյուջեն դեֆիցիտային է դարձել, եւ եկող տարվա բյուջեն անցյալ տարվ ա պետբյուջեից մոտ 2 անգամ փոքր է սահմանվել:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին: