Ռուսական օդային ուժերը Համայում ռմբակոծել են ահաբեկիչների դիրքերը
International newsՌուսական օդային ուժերը թռիչքներ են իրականացրել Համայի նահանգում և Իդլիբի նահանգի մերձակա շրջաններում: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնը:
Ռուսական օդուժի թիրախում են հայտնվել Քաֆր Զիթա, Քաֆր Նաբուդա, Սիյադ, Լատաման բնակավայրերը Համայի նահանգում, ինչպես նաև Շեյխուն և ալ Հաբիտ գյուղաքաղաքները Իդլիբում:
Աղբյուրը տեղեկացրել է, որ տեղի է ունեցել նաև ցամաքային ռմբակոծություն:
Ռուսաստանը Սիրիայում օդային հարվածներ սկսել է իրականացնել նախորդ շաբաթվանից: Հարձակման թիրախում է «Իսլամական պետություն» կազմակերպությունը` չնայած, արևմտյան երկրների կարծիքով, դրանք ուղղված են այլ ընդդիմադիր խմբավորումների դեմ և դրանց նպատակն է ամրապնդել աջակցությունը Ասադին` ծայրահեղական խմբավորումների դեմ պատերազմելու փոխարեն: