«Ադրբեջանի ավիաուղիներ»-ը սնանկացման շեմին է. տնտեսագետ
International news«Ադրբեջանի ավիաուղիներ» (AZAL) ընկերությունը կանգնած է սնանկացման շեմին: Դեռեւս նավթային եկամուտների բարձր եղած ժամանակաշրջանում Ադրբեջանի փոխադրումների համակարգում, այդ թվում` AZAL-ում տեղի ունեցող նեգատիվ երեւույթները լուրջ անհանգստության հիմք էին տալիս:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Ազադլըգ» թերթը, facebook-ի իր էջում գրառել է Ադրբեջանում ճանաչված տնտեսագետ Նեմաթ Ալիեւը:
«Տեղեկությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ սկսած 1999 թվականից մինչեւ 2014 թվականը AZAL-ը յուրաքանչյուր տարին վնասով է փակել: 1999 թվականին վնասի չափը կազմել է 6,6 մլն մանաթ, 2004 թվականին այն աճել էր 14,4 մլն մանաթի, 2006 թվականին` 36,2 մլն մանաթի, 2010 թվականին` 120 մլն մանաթի: Ամբողջ վնասն արդեն հասել է 534 մլն մանաթի, եւ դա չնայած այն բանին, որ ուղեւորների թիվն այս տարիների ընթացքում 2,6 անգամ աճել է»,- գրում է թերթը` նշելով, որ այդ բոլորը կատարվում էր AZAL-ի համար պատասխանատու տրանսպորտի, ֆինանսների նախարարության եւ հաշվիչ պալատի ղեկավարության աչքի առաջ:
«Այնպես է ստացվում, որ տեղի ունեցող խայտառակության առաջ աչք փակելն ավելի կարեւոր է համարվել», -տարակուսանք է հայտնել թերթը:
«Պարզվել է, որ նշված ժամանակաշրջանում AZAL-ի համար 1,574 մլրդ մանաթ ներդրում էլ է կատարվել: Այսինքն, 1,5 մլրդ մանաթից ավելի ներդրման դիմաց կես միլիրադ մանաթից ավելի վնաս է դիտվել: Դժվար չէ կռահել, որ համաշխարհային շուկայում նավթի սրընթաց գնանկման եւ դրա հետեւանքով Ադրբեջանում ստեղծված տնտեսական ճգնաժամի հետ կապված մոտ ժամանակում AZAL-ի սնանկացումն անխուսափելի կլինի», -ընդգծել է թերթը: