ՆԱՏՕ-Վրաստան գործակցության խորացումը չի համապատասխանում Թբիլիսիի պարտավորություններին. ՌԴ ԱԳՆ
International newsՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցության խորացումը հակասում Է ռազմական զսպվածության շուրջ 2008 թվականին Թբիլիսիի ստանձնած պարտավորությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հղում անելով ՏԱՍՍ-ին, հայտարարել են ՌԴ ԱԳ նախարարությունում՝ մեկնաբանելով Ժնեւյան քննարկումների՝ հոկտեմբերի 6-7-ը կայացած հերթական փուլի արդյունքները:
«Աբխազիայի, Ռուսաստանի եւ Հարավային Օսիայի պատվիրակությունները վերստին աճող անհանգստություն հայտնեցին Վրաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության խորացման կապակցությամբ»,-նշել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում:
Ինչպես պարզաբանել են նախարարությունում, խոսքը վերաբերել Է անվտանգության բնագավառի իրադրության վրա «այսպես կոչված ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի խորացված համագործակցության փաթեթի գործնական իրականացումն սկսելու, օգոստոսի վերջին դաշինքի ուսումնավարժական կենտրոնի բացման, Վրաստանի տարածքում համատեղ զորավարժությունների մասշտաբների ընդլայնման ուղղությամբ ԱՄՆ-ի պլանների» ապակայունացնող ներգործությանը:
«Դա չի համապատասխանում ռազմական զսպվածության շուրջ Թբիլիսիի պարտավորություններին, որոնք ընդունվել են 2008 թվականի օգոստոսի 12-ի պայմանավորվածություններին համապատասխան»,-ընդգծել են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունում:
Ժնեւյան քննարկումներին, Ռուսաստանից, Աբխազիայից եւ Հարավային Օսիայից բացի, մասնակցում են Վրաստանը եւ ԱՄՆ-ը՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ Եվրամիության համանախագահությամբ: