Անգլիկան-Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների աստվածաբանական երկխոսության հանձնախումբը նիստ է գումարել
International newsՈւելսում (Մեծ Բրիտանիա)` Լորդ Գլադստոնի անվան գրադարանում, հոկտեմբերի 5-10-ը տեղի է ունեցել Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների աստվածաբանական երկխոսության միջազգային աստվածաբանական հանձնախմբի հերթական նիստը: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, թվով չորրորդ այս նիստը (առաջինը տեղի էր ունեցել 2002 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում) նվիրված է եղել Անգլիկան և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների ավանդությունների մեջ Սուրբ Հոգու դերի և աստվածաբանական նշանակության ընկալմանը:
Հանձնախումբը, ներկայացված աստվածաբանական զեկույցների ու բանախոսությունների հիման վրա, մոտ ապագայում նյութի շուրջ լույս կընծայի միջեկեղեցական փաստաթուղթ:
Հայ Առաքելական եկեղեցու կողմից միջազգային աստվածաբանական հանձնախմբի նիստին իրենց մասնակցությունն են բերել ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին), Գերաշնորհ Տ. Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանը (Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե վարդապետ Անանյանը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Հուսիկ ծայրագույն վարդապետ Մարտիրոսյանը: